Բաժին. Տնտեսական

ForbesWoman. Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկը, պատմել է ընտանիքի և ընտանեկան բիզնեսի մասին

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, հարցազրույց է տվել ամերիկյան Forbes պարբերականի ռուսական խմբագրությանը և խոսել իր ընտանիքի և ընտանեկան բիզնեսի մասին: «Բիզնես 24»-ն առանձնացրել և ներկայացնում է հարցազույցի առավել հետաքրքիր հատվածները:

Տաթևիկ Կարապետյանը, ով այսօր ղեկավարում է կինոթատրոնների ցանց, հարցազրույցի ժամանակ նշել է, որ մանկուց իմացել է, որ աշխատելու է ընտանեկան բիզնեսում՝ «Տաշիր» ընկերությունների խմբում և երբեք չի մտածել աշխատել այլ վայրում: «Հայրս միշտ շեշտում է, որ ստեղծում է բիզնեսը մեզ համար: Եվ թողնել ամեն ինչ ու այլ մարդու համար աշխատել, հանուն ինչի՞»,- անկեղծացել է նա:

Պարբերականի այն հարցին, թե որ տարիքում է գիտակցել, որ իր ընտանիքն ապահովված է, Տաթևիկը պատասխանել է, որ ինքն անցել է իր ընտանիքի կայացման ճանապարհով ու շատ հիշում է այն ժամանակները, երբ իր ընտանիքն ապրում էր շատ համեստ: «Ես սովորում էի Կալուգայի սովորական դպրոցում, ամեն ամառ գալիս էի Հայաստան՝ գյուղ, տատիկիս ու պապիկիս մոտ: Սակայն միշտ հիանալի գիտակցում էի, որ մենք ավելի բարեկեցիկ ենք ապրում, քան իմ հասակակիցների ընտանիքները: Մենք երբեք դա չէինք թաքցնում: Ծնողներս սովորեցնում էին միշտ ու բոլորի հետ լինել հավասար»,- ասել է Տաթևիկ Կարապետյանը՝ հավելելով, որ իրենց ոչնչում չեն սահմանափակել՝ խաղալիքներից մինչև ավելի գլոբալ հարցեր:

Տաթևիկ Կարապետյանը սովորել է Լոնդոնի լեզուների դպրոցում և Շվեյցարիայի Le Rosey համալսարանում, իսկ  այնուհետ՝ ընդունվել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարան:

«Մեր ընտանիքում ընդունված է աշխատելը: Ու դա է մեր կենսակերպը: Համալսարանի 4-րդ կուրսում էի սովորում, երբ եկա ընկերություն: Հայրս կցեց ինձ առաջին փոխնախագահին, ով դարձավ իմ կուրատորը: Ինձ մանրամասն ծանոթացնում էին ընկերության տարբեր ոլորտների աշխատանքի հետ: Ես անցա բիզնես վարելու լուրջ պրակտիկա, այլ ոչ թե սովորեցի գրքերից: Իսկ հետո հայրս ասաց՝ ընտրիր: Ես կատարեցի ընտրություն՝ հօգուտ կինոթատրոնների ցանցի: Հայրս աջակցեց: RIO առևտրի կենտրոնում գտնվող կինոթատրոնն իմ առաջին բիզնես-օբյեկտն էր: Ես այն զրոյից եմ կառուցել: Անձամբ եմ նախագծել, ընտրել աշխատակիցներին»,- ասել է Տաթևիկ Կարապետյանը՝ ընդգծելով, որ ամենաբարդը մեկնարկային փուլում «Սինեմա սթար» ցանցի ռեբրենդինգն է եղել, որի շնորհիվ 2014 թվականին ընկերությունն ունեցել է 4,2 մլն հանդիսատես, իսկ 2015 թվականին՝ 4,8 մլն: Որպես ընկերության հաջողության առաջին գործոն՝ Տաթևիկ Կարապետյանը նշել է գների մակարդակը և կոնտենտը:

Տաթևիկ Կարապետյանն ամուսնացած է, ունի մեկ որդի: 

Share