Բաժին. Տնտեսական

Բարենպաստ օրենսդրական միջավայր՝ էլեկտրոնային առևտրի և գործարքների էլեկտրոնային եղանակով կնքման համար

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնավորման՝ օրինագծերի ընդունման արդյունքում Հայաստանում կձևավորվի էլեկտրոնային առևտրի և գործարքների էլեկտրոնային եղանակով կնքման համար բարենպաստ օրենսդրական միջավայր, ինչն իրավական հիմքեր կստեղծի երկրում էլեկտրոնային առևտրի հետագա զարգացման համար: Այն կնպաստի Հայաստանում էլեկտրոնային հասարակությանը բնորոշ ծառայությունների զարգացմանը, կօգնի օգտվել էլեկտրոնային առևտրի ընձեռած հնարավորություններից, կխթանի հայ և արտերկրի գործարարների միջև առավել սերտ կապերի հաստատմանը և ընկերությունների կողմից նորարարությունների մեջ ներդրումների իրականացմանը, ինչն իր հերթին կհանգեցնի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը:

Մասնավորապես, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել են էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի միջոցով պայմանագրերի կնքման առանձնահատկությունները, էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի օպերատորի պատասխանատվության դեպքերը: Էլեկտրոնային առևտուրը կնպաստի նաև ստվերային տնտեսության և շրջանառության կրճատմանը Հայաստանում: ԱՄՆ ՄԶԳ ուսումնասիրության տվյալների համաձայն` 15 տոկոսով էլեկտրոնային վճարումների կիրառման ավելացումը հանգեցնում է 7 տոկոսով ստվերային տնտեսության կրճատմանը:

Share