Բաժին. Տնտեսական

«Ռոստելեկոմ»-ը կազմակերպում է համակարգչային դասընթացներ միջին և բարձր տարիքի անձանց համար

Այսօր՝ մարտի 11-ին, Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում կայացել է միջին և բարձր տարիքի անձանց համար նախատեսված «Ինտերնետի այբուբենը Հայաստանում» («Азбука Интернета в Республике Армения») նախագծի՝ 2016 թվականի առաջին համակարգչային բաց դասընթացը: «Ռոստելեկոմ» ընկերության նախաձեռնությամբ իրականացվող նախագծի այսօրվա դասընթացին մասնակցել է 55-80 տարիքային խմբի 12 մասնակից:

Նշենք, որ «Ռոստելեկոմ» ընկերությունն այս նախագիծն իրականացնում է Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնի հետ համատեղ: Նախագծի շրջանակներում նախատեսվում է տարվա ընթացքում բաց դասընթացներ կազմակերպել ոչ միայն Երևանում, այլև հանրապետության խոշոր քաղաքներում: Բարձր տարիքի անձանց շրջանում համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացները կամավորական հիմունքով վարում են հատուկ վերապատրաստում անցած ուսանողները:

Հիշեցնենք, որ նախագծի մեկնարկի մասին «Ռոստելեկոմ» ընկերությունը հայտարարել էր 2015 թվականի նոյեմբերին և ներկայացրել «Ինտերնետի այբուբենը» («Азбука Интернета») ուսումնական ձեռնարկը: Այն նախատեսված է հատուկ միջին տարիքի բնակչության համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց համակարգչային հմտությունները և սովորել գրագետ օգտվել ինտերնետից:

Ձեռնարկում պարզ և հասկանալի ներկայացված է օգտակար տեղեկատվություն ոչ միայն համակարգչից օգտվելու, այլև ինտերնետային գործիքները կիրառելու և օնլայն գնումներ կատարելու մասին: Ձեռնարկում տեղ են գտել այնպիսի բաժիններ, ինչպես օրինակ՝ «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Առցանց գնումներ» և այլն:  Ձեռնարկը հայաստանյան լսարանի համար հատուկ մշակվել է, և այստեղ ներկայացված են ինչպես հայկական պետական կառույցների կայքերը, կոմունալ ծառայություններ ներկայացնող ընկերությունները, լրատվական կայքերը, այնպես էլ այլ կարևոր տեղեկատվական ռեսուրսներ։

 

 

 

 

 

Share