Բաժին. Տնտեսական

ԿԲ. 2016թ.-ին Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կկազմի 18.1%

2016 թվականին Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կկազմի 18.1%: Այսպիսին է ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումը:

Ինչպես նշվում է հրապարակված հաշվետվության մեջ՝ ընթացիկ տարում կգրանցվի արտադրողականության աճ, որը, սակայն, կարճաժամկետ հատվածում չի հանգեցնի զբաղվածության աճի:

Ըստ ԿԲ վերլուծաբանների գնահատականների՝ արտադրողականության աճի դանդաղ տեմպերի, 2016 և 2017 թվականների  համար կանխատեսող համապատասխանաբար 1.5-2.6% և 3.0-4.5% տնտեսական աճի արդյունքում 2017-2018 թվականներին գործազրկության մակարդակը տարեկան կնվազի շուրջ 0.2 տոկոսային կետով:

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին գործազրկության միջին մակարդակը մեր երկրում կազմել էր 18%:

Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ մեր երկրում պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 77,5 հազար մարդ: Հաշվառված գործազուրկների 25%-ը մինչև 29 տարեկան երիտասարդներ են: Այսպես, որպես գործազուրկ պաշտոնապես գրանցված և ակտիվ աշխատանք փնտրող մարդկանց 2%-ը ներկայացնում են 16-19 տարիքային խումբը, մոտ 10%-ը՝ 20-24 տարիքային խումբը, 13%-ը՝ 25-29 տարիքային խումբը, 15%-ը՝ 30-34 տարիքային խումբը, 25%-ը՝ 35-44 տարիքային խումբը,  20%-ը՝ 45-54 տարիքային խումբը, իսկ 15%-ը՝ 55-ից բարձր տարիքային խումբը:

Պաշտոնապես գրանցված գործազուրկների 53%-ը ունի միջնակարգ ընդհանուր կրթություն, 19%-ը՝ թերի բարձրագույն, 13%-ը՝ հետբուհական բարձրագույն:

Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների 70%-ը կանայք են:

Share