Բաժին. Տնտեսական

Հայկական ընկերությունները Գերմանիայում մասնակցում են գինու և ալկոհոլային խմիչքների ցուցահանդեսին

Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական յոթ ընկերությունների հետ համատեղ մարտի 13-15-ը մեկ միասնական տաղավարով Գերմանիայի Դուսելդորֆ քաղաքում մասնակցում է «PROWEIN՛2016» գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացված ամենամյա ցուցահանդեսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, այն Եվրամիության առաջատար և աշխարհի հանրաճանաչ ցուցահանդեսներից մեկն է, որին այս տարի ներկայացված է 6000 մասնակի ց ավելի քան 50 երկրներից և որին սպասվում է 52 հազար մարդու այցելություն:

Հայաստանի զարգացման հիմնադրամն այս ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է արտահանման խթանմանն ուղղված կառավարության քաղաքականության շրջանակում։ «Նպատակ ունենալով խթանել հայկական գինեգործության ոլորտի զարգացումը, նպաստել ԵՄ շուկայում հայկական գինեգործական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը և արտահանման ծավալների աճին՝ Հայաստանի զարգացման հիմնադրամն արդեն երկրորդ անգամ է մասնակցում այս ցուցահանդեսին, ինչը համահունչ է գինեգործության զարգացման ռազմավարության շրջանակում իրականացվող աշխատանքներին: Այս բոլոր քայլերն ուղղված են նաև ամրապնդելու ոլորտի վերջին տարիների հաջողությունները»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։

Ամեն տարի ցուցահանդեսից առաջ` փետրվարին, տեղի է ունենում «MUNDUS VINI» միջազգային գինու հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որի ընթացքում այս տարի հայկական երեք ընկերություններ՝ «Ոսկեվազի գինու գործարան», «Վան արդի» և «Արմենիա վայն», արժանացել են 2-ական ոսկե և արծաթե մեդալների։

Share