Բաժին. Տնտեսական

Նուբար Աֆեյանի բիզնես-հաջողությունները՝ Forbes-ի ուշադրության կենտրոնում

Մեծ ձեռքբերում է ստեղծել մեկ հաջողակ ընկերություն: Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մարդու մասին, ում հաջողվել է հիմնադրել 38 ընկերություն: Հայազգի գործարար Նուբար Աֆեյանը, ով իրագործել է բազմաթիվ բիզնես-նախագծեր և մի շարք հաջողակ ընկերությունների համահիմնադիր է, հայտնվել է ամերիկյան Forbes պարբերականի ուշադրության կենտրոնում: Պարբերականը ներկայացրել է Նուբար Աֆեյանի կենսագրությունը և բիզնեսի ոլորտում գրանցած հաջողությունները:

Նուբար Աֆեյանը ծնվել է 1962 թվականին, Բեյրութում։ 1977 թվականին Աֆեյանների ընտանիքը տեղափոխվել է Մոնրեալ, Կանադա։ 1983 թվականին Նուբար Աֆեյանը ավարտել է Մաքգիլ համալսարանի քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետը, 1987 թվականին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտը։

24 տարեկանում Նուբար Աֆեյանը ստեղծում է իր առաջին ընկերությունը՝ PerSeptive Biosystems-ը, որը 10 տարվա ընթացքում դառնում է կենսաբանական սարքավորումների և գործիքների արտադրության ոլորտի առաջատարներից մեկը: Այս ժամանակահատվածում Նուբար Աֆեյանը որպես համահիմնադիր և հիմնադիր ստեղծում է նաև 5 այլ ընկերություն:

Ինչպես գրում է Forbes-ը՝ Նուբար Աֆեյանը այն մարդկանցից է, ովքեր ներգաղթելով ԱՄՆ՝ նպաստել են երկրում հաջողակ նոր բիզնեսների ստեղծմանն ու զարգացմանը: Ըստ վերջին վերլուծությունների՝ ԱՄՆ-ում սրարթ-ափերի ստեղծման և զարգացման գործում անգերազանցելի է ներգաղթյալների դերը: Ամերիկյան հաջողակ սրարթ-ափերի կեսից ավելին հիմնադրել են ԱՄՆ ներգաղթած այլազգի մասնագետները:

1999 թվականին Նուբար Աֆեյանը հիմնադրում է Flagship Ventures ընկերությունը, որի VentureLabs ստորաբաժանման գործունեության հիմնական նպատակն է օգնել իրականացնել նոր բիզնես-նախագծեր և ֆինանսական աջակցություն ցուցաբերել սրարթ-ափերին: VentureLabs-ն իրականացնում է վերլուծություններ, գնահատում է բիզնես-նախագծի արդյունավետությունը և օգնում է ստեղծվել է նոր ընկերություններ՝ առավելապես գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում: Flagship Ventures-ի ամենահաջողակ բիզնես նախագծերից մեկը Moderna Therapeutics-ն է, որը հիմնադրվել է 2009 թվականին և այսօր արդեն գնահատվում է շուրջ 3 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2015 թվականին Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և Վարդան Գրեգորյանը հիմնել են «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը:

Share