Բաժին. Տնտեսական

Հայաստանում ներդրվելու է անորակ բենիզի և գազի շրջանառությունը բացառող համակարգ

Տնտեսության ոլորտում առաջիկայում կիրականացվեն կոնկրետ գործողություններ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Առաջիկայում դուք կտեսենք երկու-երեք կոնկրետ գործողություններ՝ կապված շուկայում պատշաճ վերահսկողություն իրականացնելուն հետ, այդ թվում՝ ոչ պարենային ապրանքների շուկայում: Այնպիսի վերահսկողական համակարգի գործադրում, որը կբացառի անորակ բենիզի, գազի, սարքավորումների, խաղալիքների շրջանառությունը ՀՀ տարածքում: Մեր սպառողների պաշտպանության տեսակից առաջին քայլը դա է լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը: Նրա տեղեկացմամբ՝ երկրորդ կարևոր ուղղությունը տնտեսական մրցակցության պաշտպանության որոշակի էլեմենտների կիրառումն է լինելու: Նախարարը չցանկացավ փակագծերը բացել՝ նշելով, որ արդյունքները ժողովուրդը կգնահատի:

«Երրորդ կարևոր ուղղությունը օդային փոխադրումների ոլորտում է, որտեղ ջանքեր են գործադրվում՝ հնարավորինս մեծ և որակյալ օդային փոխադրումների ծառայություններ մատուցողներին ներգրավելու Հայաստանի օդային տարածք: Չորրորդ ուղղությամբ զարգանալու է տուրիզմը, ինչը շատ կարևոր է տնտեսության զարգացման համար»,- ասաց Մինասյանը:

Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր ծրագրի մասին մանրամասն կխոսի առաջիկայում կայանալիք ասուլիսի ժամանակ:

Share