Բաժին. Տնտեսական

Ոսկեգործության և ադամանդագործության ոլորտում այս տարի ակնկալվում է նվազագույնը 30% աճ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ապրիլի 12-ին այցելել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) և Նոր Հաճնի առաջատար ադամանդագործական ընկերություններ:

Էկոնոմիկայի նախարարը եղել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնող ոսկերչական ընկերություններում («Ջի Դի Էմ Դայմոնդս» ՍՊԸ, «Ֆենսի» ՍՊԸ, «Բագեզյան» ՍՊԸ), շրջել «Մերիդիան»-ի ցուցասրահներով, այնուհետև այցելել Նոր Հաճն քաղաքում գործող ադամանդագործական ընկերություններ («Դայմոթեք» ՓԲԸ, «Շողակն» ՍՊԸ):

Այցի ավարտին Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ադամանդագործության ոլորտի գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում տեղի է ունեցել ոլորտին առնչվող խնդիրների շուրջ մտքերի փոխանակում: 

Այցի նպատակն էր ոլորտի հետագա զարգացման և ոլորտին առնչվող խնդիրների քննարկումը տնտեսավարողների հետ, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված հնարավոր համագործակցության շուրջ երկխոսությունը:

Ներկայումս Հայաստանի ոսկեգործության և ադամանդագործության ոլորտը կայուն զարգացման փուլում է, և նախատեսվում է ընթացիկ տարում ապահովել նվազագույնը 30 տոկոս տնտեսական աճ:

Այցի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարի իրավախորհրդատու Գագիկ Մկրտչյանը, արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը, ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը, Լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը խորհրդային ժամանակաշրջանում համարվում էր ադամանդի վերամշակման կենտրոններից մեկը: 1973 թվականին «Սապֆիր» արտադրական միավորման կազմում բացվեց առաջին վերամշակման արտադրամասը, իսկ 1976 թվականին հիմնվեց «Շողակն» գործարանը՝ տարեկան 140,000 կարատ վերամշակման հզորությամբ:

Հանրապետության ադամանդների մշակման բնագավառի լավագույն տարիներ են համարվում 2000-ական թվականների կեսերը, երբ մշակվել է մինչև 123,3 մլրդ դրամի հումք (2003 թվական): Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գործել են ադամանդի մշակման մինչև 25 ընկերություններ, իսկ աշխատողների թիվը կազմել է շուրջ 4000:

2002 թվականից Հայաստանը «Քիմբերլիի գործընթացի» հիմնադիր մասնակից է: Նշված գործընթացն ուղղված է կոնֆլիկտային կամ «արյունոտ» ալմաստների անօրինական շրջանառության դեմ:

Համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների` 2015 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ադամանդի մշակմամբ զբաղվել է 9 ընկերություն, որոնք համադրելի գներով թողարկել են 14.2 մլրդ դրամի արտադրանք: Ոլորտում զբաղված են մոտ 400 աշխատողներ: 2015 թվականին ներմուծվել է 152456.5 կարատ ալմաստ` մոտ 37.1 մլն ԱՄՆ դոլար արժեքով, որից «Ալռոսա» ընկերությունից` մոտ 37997.2 կարատ (ամբողջ ներմուծված ալմաստների 24.9%-ը)` 10,1 մլն ԱՄՆ դոլար արժեքով:

Share