Բաժին. Տնտեսական

Ծրագրային ապահովումների ստեղծման հայաստանյան փորձը գնալով մեծ ճանաչում է ստանում արտերկրում

2015 թվականի տվյալներով` Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում գործում է օտարերկրյա բաժնեմասնակցությամբ 162 ընկերություն, ինչը կազմում է ոլորտի ընդհանուր ցուցանիշի 36%-ը: Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2005 թվականին օտարերկրյա բաժնեմասնակցությամբ ընկերությունները կազմել են Հայաստանի ՏՀՏ ընկերությունների ընդամենը 25%-ը: Վերջին 10 տարվա ընթացքում գրանցված միտումները վկայում են, որ ծրագրային ապահովումների ստեղծման հայաստանյան փորձը գնալով մեծ համարում է ձեռք բերում երկրի սահմաններից դուրս` ներգրավելով արտասահմանյան ներդրումներ ՏՀՏ ոլորտում:

Հարկ է նշել, որ Հայաստանի ՏՀՏ ոլորտի օտարերկրյա ընկերությունների մեծ մասը ամերիկյան ընկերություններ են (44%): Օտարերկրյա բաժնեմասնակցությամբ ընկերությունների 35%-ը եվրոպական ընկերություններ են կամ ունեն եվրոպական բաժնեմասնակցություն:

Մեծ մասամբ օտարերկրյա մասնաճյուղերը զուտ մայր ձեռնարկությունների համար ծրագրավորման կենտրոններ են: Սովորաբար դրանք հիմնվում են որպես ծրագրավորման փոքր կենտրոններ և արդյունավետ աշխատող թիմեր ձևավորելուց հետո ընդլայնում են աշխատակազմը՝ իրականացնելով առավել բարձր հավելյալ արժեքով գործառնություններ Հայաստանում: Քիչ չեն դեպքերը, երբ այս կամ այն ընկերության տեխնիկական գործունեությունն ամբողջությամբ, այդ թվում՝ գիտահետազոտական, նախագծման, կոդավորման, տեստավորման և այլ գործառույթները, ի վերջո տեղափոխվում է Հայաստան: Բացի այդ որոշ ընկերություններ իրենց բիզնես գործառույթների մի մասը, ինչպես օրինակ մարքեթինգը և հաճախորդների սպասարկումը, վերատեղակայում են Հայաստանում: Լայնորեն տարածված է տեղական մասնագետների գործուղումները արտերկիր՝ Հայաստանից դուրս գտնվող պատվիրատուների համար ծրագրերի ներդրման և սպասարկման ծառայությունների տրամադրման նպատակով:

Share