Բաժին. Տնտեսական

2015թ.-ին Հայաստանի IT ընկերությունները «արտահանել» են 214 մլն դոլարի արտադրանք

2015 թվականին Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում գործող ընկերությունները գրանցել են արտահանման ծավալների զգալի աճ. տարեկան արտահանումը կազմել է շուրջ 214.4 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ արտահանման շուկայում շարունակում են գերիշխել օտարերկրյա ընկերությունները, որոնց արտահանման գծով մասնաբաժինը կազմում է 76%:

Ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի խոշոր ձեռնարկությունները օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղեր են, որոնք գրեթե ամբողջությամբ արտահանում են իրենց արտադրանքը:

Բացի դրանից, շատ տեղական ընկերություններ նույնպես արտահանում են իրենց արտադրանքի և ծառայությունների զգալի մասը:

ՏՏ ոլորտի ընկերությունների ավելի քան 50%-ը արտահանում է սեփական արտադրանքն ու ծառայությունները, սակայն արտահանման տարբեր ծավալներով. որոշ ընկերությունների համար արտահանման ծավալները քիչ տոկոս են կազմում եկամտի մեջ, մինչդեռ այլ ընկերություններ ամբողջությամբ են (100%) արտահանում իրենց արտադրանքը:

Արտահանումների առավելագույն մասը` մոտ 80%-ը, ուղղվում է ԱՄՆ և Կանադա, 11%-ը` Եվրոպա, իսկ երրորդ տեղում Ռուսաստանը ու ԱՊՀ երկրներն են, որտեղ ուղղվում են արտահանումների 8%-ը: Այլ երկրների շարքում հայկական ծառայությունների նկատմամբ ամենամեծ պահանջարկը ներկայացնում է ԱՄԷ-ն, որը հիմնականում արտապատվիրում է հարմարեցված հաշվապահական, բանկային և ֆինանսական ծրագրեր:

Ընդհանուր առմամբ, արտահանման ծավալների աճը խոչընդոտող հիմնական գործոններն են միջազգային գործարար հանրության կողմից Հայաստանի և հայկական ՏՏ ոլորտի մասին ոչ լիարժեք իրազեկվածությունը, հիմնական ՏՏ շուկաներից հեռու գտնվելը, ինչպես նաև լեզվական արգելքը, որը, այնուամենայնիվ, սկսել է ավելի քիչ կարևորություն ունենալ:

Share