Բաժին. Տնտեսական

HSBC. Ապահովագրվել պետք է` առավել ևս տնտեսական անկման ժամանակ

Էյչ-էս-Բի-Սի-ի կողմից հրապարակվել է «Ապահովագրության ուժը. Վստահություն ապագայի հանդեպ» զեկույցը:Զեկույցը բացահայտում է 12 երկիր ներկայացնող ավելի քան 11,000 մարդկանց շրջանում իրականացված հարցման արդյունքները մարդկանց՝ ապագայի հանդեպ ունեցած մտահոգությունների մասին, և թե որոնք են այն լուծումները, որ կարող են օգնել մարդկանց պատրաստված և ապահովված լինել կյանքի կամ կարիերայի չնախատեսված շրջադարձերի հանդիպելիս:

Ըստ զեկույցի՝ մարդկանց 60%-ն ասում է, որ եթե որևէ բան պատահի և իրենք այլևս չկարողանան գումար վաստակել, ապա իրենց և իրենց ընտանիքի ֆինանսական կայունությունն ապահովելու համար պետք է պատասխանատու լինի երրորդ կողմը, ինչպես վկայում է Էյչ-Էս-Բի-Սի-ի՝ «Ապահովագրության ուժը. Վստահություն ապագայի հանդեպ» նոր զեկույցը:

Թեև մարդկանց 40%-ն ասում է, որ իրենց ֆինանսական կայունությունն իրենց սեփական պատասխանատվությունն է, 26%-ը նշում է , որ պատասխանատվությունը պետք է ստանձնի պետությունը կամ կառավարությունը, 20%-ը նշում է ընտանիքը, իսկ 14%-ը՝ գործատուին: 

Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հարստության կառավարման տնօրեն Չարլի Նանն ասում է.

«Մարդիկ մտահոգվում են, երբ մտածում են իրենց ապագայի մասին: Ոմանց հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչ կարող է պատահել, եթե հանկարծ հիվանդանան, գումար չունենան կամ կորցնեն աշխատանքը: Նրանք ցանկանում են համոզված լինել, որ իրենց սիրելիների մասին հոգ կտանեն և պատրաստ են վճարել իրենց երեխաների և զուգընկերների ապահովության համար: Իսկ կյանքի ակնկալվող տևողության աճը նշանակում է, որ նրանք մտահոգված են նաև իրենց ծնողներով: Անհնար է ծրագիր մշակել բոլոր հնարավոր իրավիճակների համար, սակայն շատ լուծումներ կան, որոնք կարող են օգնել մարդկանց ապագայի հանդեպ ավելի մեծ վստահություն ունենալ: Ֆինանսները կարգավորող երկարաժամկետ ծրագիրը ձեր մտքի խաղաղությունն ապահովող լուծումներից մեկը կարող է լինել»:

Մարդկանց 65%-ն ասում է, որ կյանքում ամենից շատ անհանգստանում է առողջության համար, սակայն մեծամասնությունն իրենց դրանից ապահովագրող ոչինչ չի ձեռնարկում: Առողջությունը որպես անհանգստության առաջնային պատճառ նշող մարդկանց 41%-ն ասում է, որ ֆինանսապես պատրաստ չէ, եթե որևէ բան պատահի իրենց առողջության հետ: Նրանցից 34%-ն ամենևին պատրաստ չէ, իսկ 7%-ը նշում է, որ թեև ֆինանսապես պատրաստ է, բայց համապատասխան քայլեր չի ձեռնարկել: 

12 երկիր ներկայացնող ավելի քան 11,000 մարդկանց շրջանում իրականացված հարցման արդյունքում Էյչ-Էս-Բի-Սի-ն պարզել է, առողջությանն առնչվող չորս հիմնական մտահոգություններն են՝ ծերություն (65%), ծախսեր (57%), ընտանիք (55%) և առողջապահական ծառայությունների հասանելիություն (51%): Թեև առողջությունը շատերի համար հիմնական մտահոգությունն է, 57%-ի կարծիքով՝ իրենց անձնական առողջապահական ծախսերի համար պետք է վճարի երրորդ կողմը՝ պետությունը/կառավարությունը (26%), գործատուն (16%), ընտանիքը (15%):

Նրանց համար, ովքեր մտադիր են, սակայն դեռ չունեն առողջության ապահովագրություն՝ հիմնական խոչընդոտը ծախսերն են:

Հայաստանում ապահովագրական շուկան դեռևս ձևավորման փուլում է, քանի որ մարդիկ չեն գիտակցում դրա կարևորությունը: Արդյունքում, պահանջարկի բացակայության պատճառով ապահովագրական և ֆինանսական կազմակերպություները չեն առաջարկում կյանքի ապահովագրության ծառայություններ: Հայաստանում իրավիճակի և զեկույցի 12 երկրների արդյունքների համետատությունը ցույց է տալիս, որ պահանջարկի տեսանկյունից մեր շուկան նման է Արաբական Միացյալ Էմիրություններին, որտեղ կյանքի ապահովագրության ցուցանիշը 2%-ից ցածր է՝ ի տարբերություն զարգացած շուկաներում արձանագրված 35-46% ցուցանիշի:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկային մանրածախ ծառայությունների և հարստության կառավարման տնօրեն Միհրան Մուրադյանը նշել է.

«Այս հետազոտության արդյունքները ներկայացնելու նպատակն է օգնել մեր հաճախորդներին գիտակցել ապագայի հանդեպ ապահովվածության իմաստն ու կարևորությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի պահանջարկի աճին և շուկայի զարգացմանը: Ֆինանսապես ապահովված և անհոգ լինելու կարևորությունը հատկապես ընգծվում է տնտեսության անկման՝ ճգնաժամային իրավիճակներում, քանի որ այն կարող է թեթևացնել աշխատանքի կորստի կամ առողջության  վատթարացման արդյունքում առաջացած անսպասելի հետևանքները: 2015թ-ին գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 18.5%,որը վերջին հինգ տարիների ամենաբարձր ցուցանիշին է: Սա նշանակում է, որ մարդիկ պետք է առավել պատասխանատու գտնվեն՝ մտածելով իրենց ապագայի մասին, ներդրում կատարեն վաղվա օրվա մեջ և կյանքի կամ կարիերայի չնախատեսված շրջադարձերի հանդիպելիս՝ ֆինանսապես ավելի պատրաստված և անկախ լինեն»:

Էյչ-Էս-Բի-Սի-ի հետազոտությունն առաձնացնում է հետևյալ չորս քայլերը, որոնք կարող են օգնել անհատներին ավելի լավ պատրաստված լինել ապագան դիմավորելիս.

1.    Սահմանեք Ձեր ամենամեծ մտահոգությունները

Վերանայեք Ձեր ներկայիս ֆինանսական իրավիճակը: Համոզվեք, թե արդյոք այն բավարար է Ձեր և Ձեր ընտանիքի կարիքները հոգալու համար՝ անսպասելի իրավիճակների դեպքում:

2.    Ուրվագծեք Ձեր հետագա ձգտումները

Մտածեք Ձեր հետագա ձգտումների մասին: Մասնագիտական խորհուրդը կարող է օգնել Ձեզ հասկանալ, թե խնայողության ինչ ծրագիր կարող եք ունենալ դրանք իրագործելու համար:

3.    Ունեցեք ծրագիր

Ձեր խնայողության ծրագիր և կարիքները հասկանալուց հետո դիտարկեք առկա լուծումները և համապատասխան քայլեր ձեռնարկեք՝ բացը լրացնելու համար: 

4.    Կանոնավոր կերպով վերանայեք այն

Գործատուի կամ պետության վճարումները հնարավոր է, որ բավարար չլինեն Ձեր բոլոր կարիքները հոգալու համար, իսկ հանգամանքները ժամանակի ընթացքում փոխվում են:  Կանոնավոր կերպով վերանայեք Ձեր ծրագիրը, ինչը ձեզ հնարավորություն կընձեռի անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկել:

«Ապահովության ուժը»՝ ապահովագրության ոլորտում առկա կարիքների ու միտումների վերաբերյալ HSBC-ի կողմից նախաձեռնված անկախ հետազոտություն է: «Վստահություն ապագայի հանդեպ» զեկույցն առաջինն է շարքում և ընդգրկում է ավելի քան 11,496 հարցվողների կարծիքը 12 տարբեր երկրներից և տարածաշրջաններից (Արգենտինա, Չինաստան, Ֆրանսիա, Հոնգ Կոնգ, Ինդոնեզիա, Մալազիա, Մեքսիկա, Սինգապուր, Թայվան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ):  Բացահայտումները հիմնված են յուրաքանչյուր երկրում և տարածաշրջանում աշխատանքային տարիքի (25+) մարդկանց շրջանում անցկացված հարցումների վրա: Հետազոտությունն իրականացվել է TNS ընկերության կողմից 2016թ-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին՝  11 երկրներում առցանց, ինչպես նաև ԱՄԷ-ում՝ հարցազրույցների միջոցով:

HSBC Խումբ

HSBC Հոլդինգի՝ HSBC Խմբի մայր ընկերության գլխամասը գտնվում է Լոնդոնում: Խումբը մատուցում է իր ծառայություններն ամբողջ աշխարհում՝ ունենալով ավելի քան 6,000 գրասենյակ 71 տարբեր երկրում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական խմբերից մեկը, ում ակտիվները 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հասնում են 2,410 միլիարդ ԱՄՆ դոլարի:

HSBC-ն Հայաստանում
Բանկը հիմնադրվել է 1996թ-ին՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն «Midland Armenia Bank» ԲԸ անվանումով: 1999թ-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի: Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարներին: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 33,000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր ինը գրասենյակների և մոտ 400 աշխատակիցների միջոցով: 2015 թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 275,4 միլիարդ ՀՀ դրամ: Բանկը հանդիսանում է Հայաստանի արտարժույթի շուկայի առաջատարներից մեկը: 

Share