Բաժին. Տնտեսական

Երեք ամսում Հայաստանից մեկնել է 227 հազար մարդ

2016 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 227 հազար մարդ: 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 5.9%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Նշենք, որ 2015 թվականի ընթացքում զբոսաշրջության նպատակով մեր հանրապետությունից մեկնել էր 1 մլն 187,36 հազար մարդ: Ընդ որում, 2015 թվականի առաջին եռամսյակում ցուցանիշը կազմել էր մոտ 214,75 հազար մարդ, երկրորդ եռամսյակում՝ 250,32 հազար մարդ, երրորդ եռամսյակում՝  շուրջ 409,29 հազար մարդ, իսկ չորրորդ եռամսյակում՝ 310,16 հազար մարդ:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share