Բաժին. Տնտեսական

Աճել է Հայաստան այցելողների թիվը. 3 ամսում մեր երկրում իր հանգիստն է կազմակերպել 252.5 հազար զբոսաշրջիկ

Տարվա առաջին երեք ամսում՝ հունվար-մարտին, Հայաստան է ժամանակ 252,5 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 8.6%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Նշենք, որ 2015 թվականին Հայաստանում իր հանգիստն էր կազմակերպել 1 մլն 192,12 հազար զբոսաշրջիկ: 2014 թվականի համեմատ մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել էր 1%-ով:

Ըստ «ձևավորված ավանդույթի»՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը ԱՊՀ երկրներից են, մասնավորապես՝ Ռուսաստանից: Համեմատաբար մեծ է նաև Եվրամիության երկրներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից, Գերմանիայից և Իտալիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը: Հարկ է նշել, որ վերջին տարիներին զգալի ավելացել է Իրանից Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների թիվը:

Մեր երկրում զբոսաշրջության զարգացման հայեցակարգի համաձայն՝ մինչև 2030 թվականը Հայաստանը տարեկան կհյուրընկալի մինչև 3 մլն միջազգային զբոսաշրջիկ: Իհարկե, այս ցուցանիշը ներկայացված է՝ ըստ լավագույն սցենարի: Ցանկալի սցենարի դեպքում ակնկավում է, որ 2030 թվականին մեր երկիր տարեկան կայցելի  2 մլն միջազգային զբոսաշրջիկ, իսկ վատագույն սցենարի դեպքում՝ շուրջ 1 մլն միջազգային զբոսաշրջիկ: Առավել կարճաժամկետ հատվածի համար կանխատեսումներն այսպիսին են. լավագույն սցենարի դեպքում մինչև 2020 թվականը  մեր երկիր այցելող զբոսաշրջիկների տարեկան միջին ցուցանիշը կհասնի 1,5 մլն զբոսաշրջիկ, ցանկալի սցենարի դեպքում՝ մոտ 1 մլն զբոսաշրջիկ, իսկ վատագույն սցենարի դեպքում՝ 700-800 հազար զբոսաշրջիկ:

Ըստ ոլորտի մասնագետների կանխատեսումների՝ մինչև 2030 թվականը զբոսաշրջության մասնաբաժինը հանրապետության համախառն ներքին արդյունքում կկազմի 12%: Կանխատեսվող ժամանակահատվածի վերջում զբոսաշրջության ոլորտը կապահովի 22300 աշխատատեղ: Ականկալվում է նաև, որ մինչև 2030 թվականը ափյուռքահայ զբոսաշրջիկների թիվը տարեցտարի կավելանա՝ հասնելով տարեկան 1.5 միլիոնի:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share