Բաժին. Տնտեսական

Ապրիլին սպառողական շուկայում արձանագրվել է գնանկում

Ապրիլին, մարտի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամսում պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գները նվազել են 0.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.3%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.1%-ով:

Միևնույն ժամանակ, 2016 թվականի ապրիլին, 2015 թվականի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 100.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը՝ 100.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.4%, ծառայությունների սակագներինը՝ 100.3%:

2016 թվականի հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.02%, ինչը 0.45 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.47%):

Նշենք նաև, որ 2016 թվականի ապրիլին, 2015 թվականի ապրիլի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 98.1%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը` 95.8%, ոչ պարենային ապրանքներինը` 97.2%, ծառայությունների սակագներինը` 102.7%:

2016 թվականի հունվար-ապրիլին, 2015 թվականի հունվար-ապրիլի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 98.5%:

Share