Բաժին. Տնտեսական

Սերգո Կարապետյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ

Աշխատանքային այցով այսօր Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, պաշտոնական այլ պատասխանատուներ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանում նախարարը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներին եւ գյուղոլորտի պատասխանատուներին ու գյուղատնտեսությամբ զբաղված առանձին անհատների կամ կազմակերպությունների ղեկավարների ներկայացրեց Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության 2015 թվականի կարեւոր ձեռքբերումները, այս տարվա առաջնահերթ անելիքները եւ առաջիկա տարիներին սպասվելիք հեռանկարային ծրագրերը:

«2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է ավելի քան 1 տրիլիոն դրամի գյուղատնտեսական համախառն արտադրանք,որից 19 տոկոսը կամ մոտ 191 միլիարդ դրամը բաժին է ընկնում Գեղարքունիքի մարզին: Գեղարքունիքն առաջընթաց է ունեցել բուսաբուծության եւ անասնապահության ճյուղերում: Այն դեպքում, երբ հանրապետությունում մշակվող վարելահողերի միջին ցուցանիշը կազմում է 83 տոկոս, Գեղարքունիքում այն այս տարի հասնելու է 96 տոկոսի, ինչը բարձր ու գոհացնող ցուցանիշ է: Մարզի 39 համայնքներում արդեն ներդրվել է պետության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը», ինչի արդյունքում Գեղարքունիքի մարզին հատկացվել է 376 միավոր գյուղտեխնիկա, որից 77-ը՝ տրակտորներ: Բայց այս ձեռքբերումներն ավելի շուտ արձանագրվել են մարզի գյուղոլորտի աշխատողների, հողի մշակների ու անասնապահների ջանքերի շնորհիվ, որի համար ես հայտնում եմ իմ շնորհակալությունը»,-նշեց Սերգո Կարապետյանը:

Կանգ առնելով  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շարունակման, Եվրամիության կողմից ներդրվող «Էմպարդ» ծրագրի, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած նախորդ տարվա սեպտեմբերյան խորհրդակցության հանձնարարականներից բխող անելիքների վրա՝ նախարարը շեշտեց, որ առաջիկայում եւս շարունակվելու են գյուղոլորտի զարգացման ծրագրերը.շեշտը դրվելու է կոոպերատիվների կազմավորման ու զարգացման, գյուղմթերքների վերամշակման փոքր ձեռնարկությունների հիմնման, ջերմոցային տնտեսությունների ստեղծման, նոր արժեքավոր մշակաբույսերի արտադրության կազմակերպման վրա:

Հանդիպման ավարտին նախարարը ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ոսկե հուշամեդալով եւ պատվոգրերով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության զարգացման մեջ ավանդ ունեցած մի խումբ աշխատակիցների:Այնուհետ նախարարն իրեն ուղեկցող պաշտոնական անձանց հետ  Վարդաձոր համայնքում դիտարկեց կարտոֆիլի ցանքի, Գեղհովիտ համայնքում՝ գյուղամիջով հոսող Մարտունի գետի ափերի ամրացման աշխատանքները, ամառային արոտավայրում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում կառուցված խմոցների, փար ախի եւ տնակի շահագործման վիճակը: Ծովագյուղ համայնքում նախարարը քննարկեց «Էմպարդ» ծրագրի շրջանակներում նախատեսվող հնդկաձավարի ցանքի կազմակերպման եւ փաթեթավորման արտադրամասի հիմնման ծրագիրը:

«Մարզում այս տարի նախատեսվում է ցանել 150 հեկտար հնդկաձավար, որից 100 հեկտարը՝ Ծովագյուղում»,-նշեց նախարարը: Իսկ Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գեւորգյանը հավաստեց, որ այդ նպատակով նախորդ տարվա աշնանը գյուղում 100 հեկտար ցրտացել է կատարվել, իսկ հնդկաձավարի ցանքը կկատարվի այս տարվա մայիսի 25-ին:

«Փաթեթավորման արտադրամասի համար շինությունը հատկացված է, մինչ բերքահավաքը կկատարվի հիմնանորոգումը, իսկ լավ բերքի երաշխիքի դեպքում կտեղադրվեն սարքավորումները»,-հավաստեց գյուղապետը:

Share