Բաժին. Տնտեսական

Ադրբեջանում ներդրումների ծավալի անկումը կազմել է 34%

Այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանում 34,2 տոկոսով պակաս կապիտալ ներդրուններ են կատարվել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է fins.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկի դրամական քաղաքականության վերլուծությանը:

Նշվում է, որ 2016 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում Ադրբեջանի նավթային հատվածում ընդամենը 2,3 մլրդ մանաթ ներդրում է կատարվել, իսկ ոչ նավթային հատվածում` 600 մլն մանաթ:

Վերջին մեկ տարում կապիտալ ներդրումներում պետական հատվածի բաժինը 30 տոկոսից նվազել է 15,1 տոկոսի, մոտ 15 տոկոսով ավելացել է մասնավոր հատվածում կապիտալ ներդրումների ծավալը: Ներդրումների 31,3 տոկոսը կատարվել է ներքին, իսկ 68,9 տոկոսը` արտասահմանյան աղբյուրների հաշվին:

Ներդրումների ծավալը գյուղատնտեսության բնագավառում նվազել է 74,1 տոկոսով, արդյունաբերության մեջ` 12,8 տոկոսով, տեղեկատվության եւ կապի հատվածում` 87,6 տոկոսով, շինարարության մեջ` 48,3 տոկոսով, տրանսպորտի եւ պահեստների տնտեսության մեջ` 46,2 տոկոսով, անշարժ գույքի հետ գործողությունների գծով` 29,2 տոկոսով, զբոսաշրջրիկների տեղավորման եւ հասարակական հատվածում` 83,3 տոկոսով, առեւտրում` 89,5 տոկոսով: Բյուջետային ներդրումների ծավալը կրճատվել է մոտ 5 անգամ, իսկ արտաբյուջետային ներդրումնների ծավալը` մոտ 45 անգամ:

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) կանխատեսմամբ` 2016 թվականին Ադրբեջանում նավթի արտադրանքի միջին ծավալը օրական 20 հազար բարելով պակասելու է:

Ըստ OPEC-ի` Ադրբեջանում այս տարվա մարտին օրական արտադրվել է 840 հազար բարել նավթ, որը հունվարի համեմատ պակաս է 10 հազար բարելով, իսկ փետրվարի համեմատ` 20 հազար բարելով:

Ըստ «Ազադլըգ» ռադիոկայանի` ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն համոզմունք է հայտնել, որ «Ադրբեջանի տնտեսության անկումն արդեն երեք ամիս է` սկսված է»:

The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Share