Բաժին. Տնտեսական

370 մլն ԱՄՆ դոլար՝ Վայոց ձորի Գնդևազ համայնքի տարածքում ոսկու կորզում իրականացնելու համար

Կառավարությունն ընդունել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդևազ համայնքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշում:

Հիմնավորման համաձայն՝ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրով «Գեոթիմ» ՓԲԸ իրականացրել է մի շարք հետազոտություններ, սոցիալական և բնապահպանական ազդեցության գնահատումներ:

Ըստ այդմ՝ ծրագրի ենթակառույցների շինարարությունը նախատեսվում է սկսել 2016թ. գարնանը՝ ներդնելով 370 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսվում է ոսկու կորզումն իրականացնել Գնդևազի տարածքում գտնվող տարրալվացման հարթակում:

2015թ. նշված տարածքից ընկերությունն արդեն ձեռք է բերել ավելի քան 230 հողակտոր (130 հա), որոնք ընկած են տարրալվացման հարթակի տարածքում: Այս հատվածում տեղակայված հողատարածքները պետք է մատչելի լինեն շինարարական աշխատանքները ժամանակին և պատշաճ ձևով սկսելու համար:

Շինարարությունը նախատեսվում է իրականացնել երկու տարվա ընթացքում, որի ժամանակ համապատասխան տուրքեր և վճարումներ կկատարվեն ՀՀ պետբյուջե:

Միևնույն ժամանակ, շինարարության և դրան հաջորդող ամբողջ ժամանակահատվածում կիրականացվեն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ:

Ծրագրի շինարարության տարբեր փուլերում կբացվեն մինչև 1300 աշխատատեղեր, որոնց մեծ մասը կհամալրվի տեղի և շրջակա համայնքների աշխատուժով:

Share