Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Մայիսիս 31-ին ՀՀ  էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն  ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային և դեսպանության քարտուղար Գուստավո Դեմիան Մերլոյին:

Ողջունելով հյուրերին` նախարարն անդրադարձել է երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական շրջանառությանը, նշելով Հայաստանի` եղած մեծ ներուժի արդյունավետ օգտագործման և համագործակցությունը խորացնելու հայկական կողմի պատրաստակամության մասին:

Համագործակցության նոր մակարդակի հասնելու համար նախարարը  հատկապես կարևորել է անհրաժեշտ պայմանների ստեղծումը,  մասնավորապես ներկայացրել է Հայաստանում, ազատ տնտեսական գոտիներում արտադրություն կազմակերպելու հնարավոր տարբերակները, միաժամանակ նշել, որ արգենտինացի գործարարները կարող են բազմապատկել իրենց հնարավորությունները նաև Հայաստանը որպես հարթակ դիտարկելով` ԵԱՏՄ և Իրանի շուկաներ դուրս գալու համար:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է նորարարական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները, ներդրումների խթանման առումով կարևորելով անշուշտ Արգենտինայի հայ համայնքի  դերը:

Շնորհավորելով նախարարին էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանը գոհունակություն է  հայտնել, որ առաջին հանդիպումը սոսկ քաղաքավարական չէ և կարելի է միանգամից գործնական հարցերից խոսել:

Կիսելով համագործակցության պատրաստակամությունը և մեծ ներուժի առկայությունը  դրա խորացման համար նախարարի նկատառումները` դեսպանը հետաքրքրություն է հայտնել բարձրաձայնված մի շարք ծրագրերի վերաբերյալ:  Նա հատկապես կարևորել է ներդրումների խթանման ուղղությամբ ծրագրերը և  տեքստիլ արդյունաբերության ոլորտը` նշելով դրանց վերաբերյալ քննարկումներ ծավալելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են բարձրացված հարցերն ավելի առարկայական դարձնելու և համագործակցության խորացմանը միտված իրենց պատրաստակամությունը:

Share