Բաժին. Տնտեսական

Տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողովը

Հունիսի 8-ին, Երևանում մեկնարկել է Հայ-չեխական գործարար համաժողովը: Համաժողովին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը, հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Չեխիայի Հանրապետության արդյունաբերությանն և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլը, երկու երկրների պաշտոնյաներ ու գործարարներ:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը:

Համաժողովի ընթացքում ելույթ են ունեցել նաև Հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլը:

Գործարար համաժողովը կազմակերպվել է Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի` Հայաստանի Հանրապետություն պետական այցի շրջանակներում:

Համաժողովի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր բնագավառներում հայ-չեխական համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Հայ-չեխական գործարար համաժողովին մասնակցել են ավելի քան 110 հայ և չեխ գործարարներ:

Համաժողովին ներկա ընկերությունները ներկայացրել են էներգետիկայի, տեղեկատվական տեխոլոգիաների, արդյունաբերության, դեղագործության, բանկային, ֆինանսական խորհրդատվության, առևտրի և այլ բնագավառները: Միջոցառման մասնակից գործարարների համար նախատեսված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանդիպումներ։

ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ Չեխիայի հետ նման բիզնես ֆորումը արդեն թվով երրորդն է այս տարվա 5 ամիսների ընթացքում: «Ընդհանուր առմամբ մասնավոր, տնտեսական, ներդրումային և առևտրային հատվածում երկխոսությունը բավական ակտիվացել է: Կա փոխադարձ հետաքրքրություն այս մասով աշխատանքներն էապես ավելացնելու և փոխշահավետ ծրագրեր իրականացնելու առումով:

Նմանատիպ հանդիպուﬓերը հնարավորություն են չեխ գործարարներին ներկայացնելու գործարարությամբ զբաղվելու Հայաստանի առաջարկությունները: Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական ﬕություն, Իրանի հետ անﬕջական հարևանությունը, որի նկատմամբ պատժաﬕջոցները վերացվել են, Հայաստանի ներսում օրենսդրական կարգավորուﬓերի բավական լիբերալ պատկերը, բավական հետաքրքրություն են ստեղծում չեխ գործարարների մոտ»:

Նա նաև ավելացրել է, որ երկուստեք առկա է տնտեսական` առևտրային ու ներդրումային հատվածներում կապերն ամրապնդելու հետաքրքրություն:

«Երկու երկրների նախագահների կողﬕց կա դիրքորոշում տնտեսական հարաբերությունները հնարավորինս զարգացնելու, առկա են ծրագրեր, որոնք ուղղված են երկուստեք շահերի բավարարմամբ գործարար կապերի ամրապնդմանը: Միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ևս այս հարցերն ակտիվ քննարկվում են, առկա են ﬕ քանի որոշուﬓեր, որոնք առաջիկայում պետք է կյանքի կոչվեն: Մասնավորապես, փոխադարձաբար առևտրային տների հիﬓումը, համատեղ ﬕ քանի արտադրական, արդյունաբերական ծրագրերի իրականացումը, աﬔնատարբեր ոլորտներում` միջպետական հարթակում համատեղ ծրագրերի կատարումը»,- ընդգծել է Գ. Մելքոնյանը:

Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է նաև հայ-չեխական առևտրաշրջանառության ծավալները՝ նշելով, որ դրանք տարեկան կազմում են մոտ 22 մլն դոլար և ավելացրել` «ունենք որոշակի աճ, բայց վստահաբար կարելի է ասել, որ մենք ավելին կարող ենք ունենալ, իսկ դրան հասնելու համար պետք է այս հնարավորությունների մասին երկու երկրների մասնավոր հատվածը տեղեկացված լինի՝ ինչին էլ ուղղված են նման միջոցառումները»:

Share