Բաժին. Տնտեսական

HSBC Բանկ Հայաստանը պարգևատրել է առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած հաճախորդներին

Արդեն 7-րդ տարին անընդմեջ HSBC Բանկ Հայաստանը պարգևատրում է առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած իր հաճախորդներին: Այսօր՝ հունիսի 15-ին, Բանկի գլխամասային գրասենյակում կայացավ 2015 թվականի արդյունքներով առևտրի ֆինանսավորման ծառայությունների ոլորտի լավագույն հաճախորդների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:

«HSBC Առևտրի Ֆինանսավորման Մրցանակաբաշխությունը Հայաստանի առեւտրի ֆինանսավորման ոլորտում ուղենիշ է դարձել՝ մատնանշելով իրենց ոլորտում շուկայի առաջատար ընկերություններին, որոնք նշանակալի արդյունքներ են գրանցել 2015 թվականի ընթացքում, և հսկայական դեր են խաղացել երկրում իրենց ոլորտը  զարգացնելու հարցում՝ գրանցելով աճ, զարգացնելով միջազգային առևտրային կապերը, հավատարմություն ցուցաբերելով գործընկերների հանդեպ եւ ներդնելով նորարարական տեխնոլոգիաներ», – մրցանակաբաշխության արարողության բացման իր խոսքում նշեց HSBC Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը՝ ընդգծելով, որ HSBC-ի աշխարհագրական սփռվածությունը թույլ է տալիս բանկի հաճախորդներին ծառայություններ տրամադրել գործարքի երկու կողմերում էլ և օգնել առավել արդյունավետ կերպով հաղթահարել խոչընդոտներն ու կառավարել  ռիսկերը և իրացվելիության ծախսերը:

Թիես Քլեմենցը, անդրադառնալով այսօրվա միջազգային առևտրի ոլորտի միտումներին, նշեց, որ ըստ HSBC-ի նկատառումների՝ այսօր այն  ավելի շատ ծառայությունների առևտուր է, որի փոխադրումն իրականացվում է ինտերնետի միջոցով, մինչդեռ 20-րդ դարի սկզբին միջազգային առևտուր ասելով պատկերացնում էին արկղերով բեռնված շոգենավ, որ փոխադրումներն իրականացնում էր օվկիանոսով:

Ըստ Առեւտրի համաշխարհային կազմակերպության, ծառայությունները՝ սպառողներին հասցվող ոչ շոշափելի ապրանքները, կազմում են աշխարհի տնտեսությունների ամենախոշոր և արագ աճող բաղադրիչը: Ծառայությունների առևտուրը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 60%-ը և որոշ զարգացած երկրներում ՀՆԱ-ի 80%-ը: Այն արագորեն աճում է ինչպես զարգացող խոշոր շուկաներում՝ օրինակ Չինաստանում, այնպես էլ Հայաստանում: HSBC Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ ծավալների աճ կարելի է տեսնել Հայաստանում ծառայությունների առևտրի հետևյալ ոլորտներում՝ կացության կազմակերպում, զվարճություններ և հանգիստ, ինչպես նաև տեղեկատվություն և կապ: Թիես Քլեմենցը նաև ընդգծեց, որ աշխարհում տնտեսական դանդաղ աճի և արդյունաբերական տվյալների տխուր պատկերի ֆոնին՝ ծառայությունների առևտուրը այն լուսավոր կետն է, դեպի ուր արժե ուշադրություն սևեռել:

Մրացանակաբաշխության արարողության ժամանակ ներկաներին իր խոսքն ուղղեց նաև HSBC Բանկ Հայաստանի Առևտրավարկային դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արթուր Պետրոսյանը: Նա նշեց, որ 1865թ.-ին HSBC-ն ծնվել է մի պարզ գաղափարից՝ ֆինանսավորել Եվրոպայի, Հնդկաստանի և Չինաստանի միջև աճող առևտուրը: Եվ այս առումով շատ բան չի փոխվել, բացի այն, որ այսօր HSBC Խումբը սպասարկում է 47 միլիոն հաճախորդի 71 երկրներում և տարածաշրջաններում՝ այդ թվում նաև Հայաստանում:

«HSBC-ի աշխարհագրական սփռվածությունը մեզ թույլ է տալիս ունենալ որոշակի մրցակցային առավելություններ և հնարավորություն մեր հաճախորդներին ասելու՝ եթե ձեր բիզնեսը հատում է  Հայաստանի սահմանները, HSBC-ն կարող է օգնել ձեզ երկու կողմերում էլ: Սա է այն կարգախոսը, որ որդեգրել ենք յոթ տարի առաջ և շարունակում ենք առաջնորդվել դրանով՝ պարգևատրելով և խրախուսելով այն հաճախորդներին ովքեր առավելագույնս օգտվում են այդ հնարավորություններից: Այսօրվա մրցանակաբաշխությանը մասնակցող կազմակերպությունները հաղթող են ճանաչվել 2015թ.-ին միջազգային առևտրի ոլորտում ցուցաբերած իրենց նորարարական մոտեցումների, ակտիվ գործունեության և գրանցած զգալի հաջողություններ համար», – ընդգծեց Արթուր Պետրոսյանը:  

HSBC ԱՌևՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2016

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՆԳ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ

1. Առևտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – Միջազգային Առևտրի Մրցանակ

ԱԷՍ Թրեյդ ՍՊԸ / Կազմակերպությունը մրցանակ է ստանում 2015թ.-ին միջազգային առևտրի ոլորտում մեծ առաջընթաց գրանցելու և գործունեությունը դեպի Վրաստան ընդլայնելու համար: Ընկերությունը նաև հաջողել է տեղական արտադրության իր ապրանքների համար մրցունակ գին սահմանելու հարցում:

ԱԷՍ Թրեյդ ՍՊԸ-ն 2013թ.-ից Հայաստանում ներկայանում է «ՍՄԱՐԹԼԱՅՆ ՊՐՈՖԱՅԼՍ» ապրանքանիշով և զբաղվում է դռների և պատուհանների համար մետաղապլաստե պրոֆիլների և պատուհանագոգերի արտադրությամբ և վաճառքով: Օգտվելով HSBC-ի առևտրի ֆինանսավորման լուծումներից և համագործակցելով ԱՄՆ-ում HSBC-ի հաճախորդ հանդիսացող գործընկերների հետ, ընկերությունը զգալիորեն նվազեցրել է արտադրողական ծախսերը, ինչի արդյունքում կարողանցել է մրցունակ գին ապահովել սպառողների համար:

2. Առևտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – Նորարարական Առևտրի Մրցանակ

Ռեդինետ ՓԲԸ / Այս կազմակերպությունը մրցանակ է ստանում Հայաստանում էներգախնայողությանն ուղղված ծրագրերի իրականացումը խթանելու համար: 2015թ.-ին մասնակցել և հաղթել է էներգախնայող սարքավորումների տեղադրման չորս խոշոր տենդերների, որոնց ընդհանուր գումարը կազմել է ՀՀ1.3 միլիարդ դրամ:

Ռեդինետ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին և զբաղվում է հեռահաղորդակցական սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության համակարգերի մատակարարմամբ, տեղադրումով և կարգաբերմամբ Հայաստանում, Վրաստանում և տարածաշրջանում: Համագործակցելով HSBC Հայաստանի հետ ընկերությունն իրականացրել է էներգախնայող սարքավորումների ներմուծման և տեղադրման ծրագրեր, որի արդյունքում հայաստանյան չորս խոշոր հաստատություններ օգտվում են ժամանակակից նորարական և էներգախնայող համակարգերից: Սա լիովին համապատասխանում է HSBC-ի պատասխանատու բիզնես վարելու գաղափարախոսությանը և արժեքներին:

3. Առևտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – Լավագույն նորեկ հաճախորդ

ՀԿԳ ՓԲԸ / Լավագույն նորեկ հաճախորդ բանկի համար կամ կազմակերպություն, որ նոր է սկսել օգտվել առևտրի ֆինանսավորման գործիքներից: Այս անվանակարգում ներկայացվող կազմակերպությունն ընտրվել է առևտրի ֆինանսավորման գործիքների օգտագործումն իր դիվերսիֆիկացված բիզնեսի տարբեր ճյուղերում ընդլայնելու համար:

ՀԿԳ ՓԲԸ-ն ընտանեկան բիզնես է, որը հիմնադրվել է 1998թ.-ին և ներգրավված է արտադրական  տարբեր ոլորտներում՝ կերերի արտադրություն, թռչնաբուծական և խոզաբուծական ֆերմաներ, ալրաղաց և ալկոհալային խմիչքների արտադրություն: Ընկերության ներկայիս ծրագրերից է գարեջրի արտադրությունը Դիլիջանում: Ընդհանուր առմամբ, ընկերությունը կենտրոնացած է տեղական շուկայում մասնաբաժինն ավելացնելու և բիզնեսն ընդլայնելու վրա: HSBC-ի հետ համագործակցությունը սկսվել է 2015թ.-ին՝ գարեջրի արտադրության համար նախատեսված սարքավորումների ներմուծման համար տրամադրված ֆինանսավորմամբ: Գործարքի իրականացման համար ներգրավվել են նաև HSBC Նիդերլանդները և HSBC Չեխիան:

4. Առևտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – Գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակ

Արպանիվ ՍՊԸ / Այս ընկերության հետ համագործակցությունը սկսվել է 2008թ.-ից և HSBC-ն հանդիսանում է միակ ֆինանսավորող բանկը: Այս անվանակարգում ընկերությունն առաջադրված է Բանկի հետ բազմամյա աշխատանքային փորձի, նվիրվածության և առևտրի ֆինանսավորման ծառայությունների լայնածավալ օգտագործման համար:

Արպանիվ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003թ.-ին և ներգրավված է Ռուսաստանում, Ուկրաինայում, Ճապոնիայում և Ասիական երկրներում արտադրված անվադողերի ու մարտկոցների ներմուծմամբ, վաճառքով և սպասարկմամբ Երևանում և Հայաստանի շրջաններում: Ընկերությունը նաև հաջողություններ է գրանցել իր գործունեությունը դեպի Վրաստանի և ԱՄՆ շուկաներ ընդլանելու գործում: HSBC-ի հետ համագործակցությունը սկսվել է 2008թ.-ից և այս տարիների ընթացքում  գրանցել է աճ՝ ընդլայնվելով դեպի այլ շուկաներ և շարունակում է այդ գործընթացը: Այժմ ընկերությունը ծրագրում է համագործակցել «Goodyear Middle East»` անվադողեր արտադրող խոշոր կազմակերպության հետ և շարունակել ընդլանվել:

5. Առևտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – ԳՐԱՆ ՊՐԻ

ԱՍԿԵ Գրուպ ԲԲԸ / Տարվա լավագույն հաճախորդ՝ առևտրի ֆինանսավորման գործիքների օգտագործման ծավալի առումով, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման և արտադրության ընդլայնման շնորհիվ, որի արդյունքում ներմուծվող ապրանքը փոխարինվում է տեղականով և մրցունակ գնով: 2015թ.-ին HSBC Հայաստանը թողարկել է պատմության մեջ իր ամենամեծ ակրեդիտիվը այս բիզնեսի համար, որի արդյունքում կկրկնապատկվի կազմակերպության արտադրական հզորությունը եւ կընդլայնվեն  արտահանման հնարավորությունները:

ԱՍԿԵ Գրուպ ԲԲԸ-ն հիմնադրվել է 1995թ.-ին և հանդիսանում է Հայաստանում շինարարական մետաղե իրեր, ձուլվածքներ արտադրող ամենախոշոր կազմակերպություններից մեկը: 2007թ.-ին ընկերություն ամբողջովին արդիականացվել է գերմանական նորագույն տեխնոլոգիաներով ու սարքավորումներով: 2011թ.-ին ևս ԱՄՆ 40 միլիոն դոլարի ներդրում է ուղղվել գործարանի արտադրական գծերի բարելավմանը, ինչը թույլ է տալիս հաջողությամբ մրցակցել ներմուծվող համանման ապրանքների հետ, թե գնի և թե որակի առումով: 2015թ.ին Բանկի առևտրի ֆինանսավորման գործիքների օգնությամբ ընկերությունը Նիդերլանդներից ներմուծում է մետաղի մշակման նոր արտադրական գիծ, որի գործարկման արդյունքում 50%-ով կավելանա արտադրական հզորությունը, կստեղծվեն նոր աշխատատեղեր և տեղական արտադրության մրցունակ արտադրանք:

Share