Բաժին. Տնտեսական

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնմանը կուղղվի 102 մլն եվրո

Կառավարությունն ընդունել է «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում հաղորդակցուղիների տեղափոխման նախագծային աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության գնման գործընթացներ կազմակերպելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ներկայում նախապատրաստվում է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը, որի նպատակն է հիմնանորոգել և արդիականացնել Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին: Նախնական գնահատմամբ ծրագրի համար վարկային ներդրումները կկազմեն 102 մլն եվրո: Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից: Ծրագրի շրջանակում նախատեսվում է շինարարական աշխատանքներն իրականացնել շուրջ 36 ամիս՝ 2017-2020թթ. ընթացքում: Ճանապարհի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակել է իտալական «Լոտտի Ինժեներիա» կազմակերպությունը՝ վերջինիս և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված պայմանագրի համաձայն: Կազմված նախագիծը ներառում է միայն ճանապարհահատվածի՝ ներառյալ կամուրջների, թունելների վերականգնման աշխատանքները, սակայն ճանապարհին առկա հաղորդակցուղիների (գազատար, կապի մալուղ, ջրագիծ) տեղափոխման աշխատանքների վերաբերյալ նախագծանախահաշվային փաստաթղթեր չեն մշակվել: Ելնելով դրանից՝ ծրագրի գնումների պլանում նախատեսվել է հաղորդակցուղիների տեղափոխման նախագծման, շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումները: Որոշմամբ նախատեսվում է գնումները կազմակերպել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա՝ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգով: Ըստ այդմ՝ հնարավոր կլինի ճանապարհի շինաշխատանքներին զուգընթաց իրականացնել ճանապարհին առկա հաղորդակցուղիների տեղափոխման աշխատանքներն՝ ապահովելով նաև պատշաճ տեխնիկական հսկողություն շինարարության ընթացքում:

Share