Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյանը Կիևում մասնակցել է Արևելյան Գործընկերության երկրների էկոնոմիկայի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Հուլիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Կիևում մասնակցել է «Տնտեսական բարեփոխումներ ՓՄՁ սուբյեկտների ներուժի խթանման համար. Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի սկզբունքների ներդրում Արևելյան Գործընկերության երկրներում» խորագրով Արևելյան Գործընկերության երկրների էկոնոմիկայի նախարարների ոչ պաշտոնական 7-րդ հանդիպմանը:

Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարար, փոխվարչապետ Ստեփան Կուբիվը, ողջունելով պատվիրակություններին, շեշտել է նման հանդիպումների կարևորությունը և անհրաժեշտությունը` փորձի փոխանակման, ՓՄՁ ոլորտում արդյունավետ քաղաքականության մշակման և հետագա համագործակցության ուղիների նախանշման տեսանկյունից:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն իր խոսքում կարևորել է Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի գնահատմանը, որն իրականացվում է 2008 թվականից:

2016 թվականի գնահատման արդյունքների համաձայն, Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է բոլոր տասը  ցուցանիշների բարելավում, իսկ դրանցից երեքում` սննանկություն և երկրորդ հնարավորություն ՓՄՁ սուբյեկտների համար,  սկսնակ ՓՄՁ-ների աջակցություն, նորարարություն, համարվում է առաջատարը:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Հայաստանում ՓՄՁ ոլորտում իրականացվող քաղաքականությունը և ՓՄՁ սուբյեկտների աջակցության գործիքներ տրամադրող կառույցների գործունեությունը` հատկանշելով դրանց կարևորությունն ու առանձնահատկությունները;

ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաննը և Ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլժբիետա Բիենկովսկան կարևորել են ՓՄՁ սուբյեկտների աջակցության շարունակականության ապահովումը, ՓՄՁ աջակցության սկզբունքների հետևողական և արդյունավետ կիրառումը, ՓՄՁ սուբյեկտների ֆինասնավորման և շուկաների հասանելիության ապահովումը:

Քննարկումից հետո տեղի է ունեցել նախարար Արծվիկ Մինասյանի և Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարար, փոխվարչապետ Ստեփան Կուբիվի երկկողմ հանդիպումը, որի ընթացքում ընդգծվել է երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման, հայ-ուկրաինական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Share