Տնտեսական | 20:09 12/07/16

Իրանը դրականորեն է տրամադրված Հայաստան գազի մատակարարումն ավելացնելու հարցում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը դիմել է Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու հարցով, քանի որ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հուլիսի 10-ից օգոստոսի 10-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Իրանական կողմը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին:

Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: