Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչներին

Օգոստոսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի, նախարարության ոլորտային պատասխանատուների և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է աշխատանքային հանդիպում:

Քննարկման առանցքում «Արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցակցության զարգացում` արդիականացման և նոր շուկաներ մուտքի միջոցով» ծրագիրն էր:

Կողմերը գոհունակություն են հայտնել ծրագրի իրականացման աշխատանքներից:

Նախարար Մինասյանը նշել է, որ արդյունքներն ակնհայտ են և, քանի որ ծրագիրն ավարտվում է, ապա այս փուլի արդյունքների քննարկումը ծրագրի շարունակականության ապահովման հնարավորություն կտա: Նախարարը հատկանշել է նոր ծրագրի մանրամասն կազմման և կողմերից յուրաքանչյուրի դերակատարության կարևորությունը, ծրագրի յուրաքանչյուր փուլի նպատակայնությունը և հանրության համար տեսանելիության ապահովումը:

ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության առևտրի, ներդրումների և նորարարության դեպարտամենտի փորձագետ, ծրագրի ղեկավար Ֆարրուխ Ալիմջանովը ներկայացրել է ծրագրի երկամյա հաջող ընթացքը` նշելով, որ այն շոշափելի արդյունքներ է գրանցել և իր կատարողականով այլ երկրներում նմանատիպ ծրագրերի իրականացման համար սահմանել է նոր չափորոշիչներ` դառնալով օրինակելի աշխատանք:

Ծավալված քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև խնդրահարույց հարցերի, որոնց լուծման դեպքում հաջողություն արձանագրած այս ծրագրի արդյունավետությունն ավելի կմեծանա:

Ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են առավել սերտ համագործակցության և համատեղ աշխատանքին միտված հանձնառությունը:

Share