Բաժին. Տնտեսական

Հովիկ Աբրահամյան. պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, գործադիրի ղեկավարն անդրադարձել է 2016թ. առաջին կիսամյակի տնտեսական արդյունքներին. «Ես արդեն առիթ եմ ունեցել ընդհանուր առմամբ անդրադառնալ 2016 թվականի առաջին կիսամյակի տնտեսական աճի խնդիրներին: Սակայն կարծում եմ, որ արդյունքներին և մարտահրավերներին հարկ է կրկին անդրադառնալ:

Այս տարի մեր առջև ծառացել էին թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ: 2015թ.-ից շարունակվող տարածաշրջանային շոկերը, արտաքին բեռնափոխադրումների չնախատեսված խնդիրները, միջազգային տնտեսական աճի դանդաղումը, առկա գնանկումային միջավայրը վտանգել էին առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարը:

Սակայն, առաջին կիսամյակի արդյունքներով կարելի է խոսել որոշակի հաջողությունների մասին՝ 2016 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով:

Ինչպես արդեն նշել եմ՝ ուրվագծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները: Արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման արդյունքում արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը 2016 թվականի առաջին 6 ամսվա արդյունքներով կազմել է 8.9 տոկոս:

Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը ևս շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը:

Չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը վկայում է որակապես նոր՝ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի նախանշանների մասին:
Այս փոփոխությունները կարող են հանգեցնել տնտեսության նոր երկարաժամկետ ձևափոխության և մենք պետք է ամեն ինչ անենք այս փոփոխության հնարավորությունը փաստի վերածելու համար:

Միաժամանակ, կրկին հարկ եմ համարում նշել, որ դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չունենք: Ցավոք, վերջին մեկուկես տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում: Այդ փոփոխություններն իրողություն դարձնելու համար պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահենք մեր տնտեսության մարտահրավերները և հետևողականորեն ու համակարգված չեզոքացնենք դրանք:

Հանձնարարում եմ բոլոր նախարարներին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս հանրությանը ներկայացնել ոչ միայն ձեռքբերումները, այլև իրենց տարեկան և հեռանկարային օրակարգում գտնվող կոնկրետ նախաձեռնությունները, ծրագրերը, դրանցում հանրությանը ներգրավելու հնարավորությունները: Միայն թափանցիկ և մասնակցային գործընթացն է, որ մեզ հնարավորություն կտա ստեղծել արդյունավետ և մրցակցային գործարար միջավայր, բարձրացնել տնտեսության մրցունակությունը և կենսունակությունը»:

Share