Բաժին. Տնտեսական

Կես տարում Հայաստանում արտադրվել է 59 հազար կարատ ադամանդ

Ընթացիկ տարում Հայաստանն ադամանդագործության ոլորտում գրանցել է աճ: Այսպես, ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ տարվա առաջին կեսին՝ հունվար-հունիս ամիսներին, Հայաստանում արտադրվել է 59 հազար 119 կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2.7 անգամ:

Նշենք, որ մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից, իսկ արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2015 թվականին Հայաստանում ադամանդի մշակմամբ զբաղվել է 9 ընկերություն, որոնք համադրելի գներով թողարկել են 14.2 մլրդ դրամի արտադրանք: Բնեղեն արտահայտությամբ՝ 2015 թվականին Հայաստանում արտադրվել էր 81 հազար 346 կարատ ադամանդ, 2014 թվականին՝ 59 հազար 712 կարատ ադամանդ: 2013 թվականին արտադրվել էր 94 հազար կարատ ադամանդ:

Հարկ է նշել, որ Հայաստանը խորհրդային ժամանակաշրջանում համարվել է ադամանդի վերամշակման կենտրոններից մեկը: 1973 թվականին «Սապֆիր» արտադրական միավորման կազմում բացվել է առաջին վերամշակման արտադրամասը, իսկ 1976 թվականին հիմնվել է «Շողակն» գործարանը՝ տարեկան 140 հազար կարատ վերամշակման հզորությամբ:

Հանրապետության ադամանդների մշակման բնագավառի հաջող տարիներ են համարվում 2000-ական թվականների կեսերը, երբ մշակվել է մինչև 123,3 մլրդ դրամի հումք (2003 թվական): Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գործել են ադամանդի մշակման մինչև 25 ընկերություններ:

Share