Բաժին. Տնտեսական

Աշխարհում ապրում է 2473 միլիարդատեր՝ 7.7 տրլն դոլար ընդհանուր կարողությամբ

Wealth X վերլուծական գործակալությունը և Շվեյցարիայի UBS բանկը հրապարակել են իրենց ամենամյա համատեղ զեկույցն աշխարհում ապրող միլիարդատերերի մասին (Wealth-X Billionaire Census 2015-2016):

Ըստ զեկույցի՝ աշխարհում հաշվառվում է 2 հազար 473 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 7.7 տրիլիոն ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ թե միլիարդատերերի թիվը և թե նրանց համատեղ կարողության ցուցանիշը ռեկորդային բարձր են: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում միլիարդատերերի թիվն աճել է 6.4%-ով, իսկ նրանց կարողությունը՝ 5.4%-ով:

Զեկույցի հեղինակների դիտարկմամբ՝ առավել մեծ թվով միլիարդատերեր ապրում են Եվրոպայում (806 միլիարդատեր): Երկրորդ տեղում Ասիան է՝ 645 միլիարդատեր, իսկ երրորդ տեղում՝ Հյուսիսային Ամերիկան՝ 628 միլիարդատեր:

Այսօր աշխարհում ապրող միլիարդատերերի միջին տարիքը 63 է: Նրանց 13%-ն իր հարստությունը ստացել է որպես ժառանգություն, 31%-ն իր կարողությունը կուտակել է ինչպես հարուստ ժառանգության, այնպես էլ սեփական ջանքերով, մինչդեռ միլիարդատերերի 56%-ը հարստացել է սեփական ուժերով (Self-Made).

Ուշագրավ է նաև, որ միլիարդատերերի ընդհանուր ցանկում ընդգրկվել է 294 կին-միլիարդատեր:

Share