Բաժին. Տնտեսական

Այս տարվա առաջին կիսամյակում զբաղվածության պետական գործակալության օգնությամբ աշխատանքի է տեղավորվել 4.7 հազար աշխատանք փնտրող

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Զբաղվածության պետական գործակալության օգնությամբ աշխատանքի է տեղավորվել 4 հազար 757 աշխատանք փնտրող, որից 3 հազար 112-ը` կին, 4 հազար 009-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: «Աշխատանքի տեղավորվածներից 1398-ը երիտասարդ են, 93-ը` հաշմանդամություն ունեցող անձինք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատանքի տեղավորման ցուցանիշը աճել է 4.2 տոկոսով»,-ասաց պաշտոնյան:

2016 թվականի հունվար-հունիսին տարածքային կենտրոնների կողմից հավաքագրել է 3 հազար 840 չկրկնվող թափուր աշխատատեղ, որոնցից 180-ը նոր ստեղծվող: Արտակ Մանգասարյանի տեղեկացմամբ` թափուր աշխատատեղի հայտ ներկայացրած գործատուների թիվը կազմել է 1545: «Տարածքային կենտրոններում առկա թափուր աշխատատեղերի թիվը 1985 է»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է աշխատաշուկայում պահանջարկ վայելող մասնագիտություններին, ապա անհրաժեշտ են բարձրագույն կրթություն ունեցող բժիշկներ, տնտեսագետներ, ծրագրավորողներ, ճարտարագետներ, հաշվապահներ, դասավանդողներ, մենեջերներ, գործակալներ, համակարգչային մասնագետներ: Միջին մասնագիտականներից առավել պահանջված են բուժքույրերը, դեղագետները, դեղագործները, ֆինանսների ու առևտրի բնագավառի միջին մասնագետները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, ավտոէլեկտրիկները, էլեկտրիկները, կարողները, վարորդները, փականագործները, դերձակները, շինարարական ու բանվորական այլ մասնագիտությունների տեր անձինք:

Share