Բաժին. Տնտեսական

Օրենսդրական փոփոխությամբ մինչև 200 եվրո ընդհանուր մաքսային արժեքով ապրանքները կազատվեն մաքսատուրքերից

Գործադիրը հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացները պարզեցնելու անհրաժեշտությամբ: Էկոնմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ խնդիրը ներկայացվել է մարտին կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստին և ՀՀ վարչապետի հանձնարարությանը համապատասխան իրականացվել են աշխատանքներ, որոնց մասնակցել են բոլոր շահագրգիռ գերատեսչությունները, այդ թվում՝ ՀՀ կառավարության աշխատակազմը, Պետական եկամուտների կոմիտեն, ՎԶԵԲ-ի գործարարության աջակցման գրասենյակը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով ներկայացրել էր նման օրինագիծ, համաձայնել է կառավարության առաջարկությանը: Նախագծով առաջարկվող լրացումն ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը և դյուրացմանը, ինչպես նաև դրա համար պահանջվող ժամանակի և ծախսերի կրճատմանը: Արդյունքում ակնկալվում է՝ պարզեցնել ցածր արժողություն ունեցող ապրանքների մաքսային սահմանով տեղափոխման գործընթացը, նշված դեպքում ազատել տնտեսվարողներին մաքսավճարների վճարման պարտականությունից: Մասնավորապես՝ փոփոխությամբ առաջարկվում է մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով արտահանվող և/կամ ներմուծվող ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները ազատել մաքսատուրքերի և մաքսավճարների վճարումից: Նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է տալիս նաև տնտեսվարող սուբյեկտներին, անկախ ներմուծվող և արտահանվող ապրանքների արժեքից, իրականացնել ինքնահայտարարագրում: Միաժամանակ, ներկայացվող փոփոխությամբ առաջարկվում է կառավարության որոշմամբ հաստատել էլեկտրոնային տնտեսվարող սուբյեկտների կողմից հայտարարագրման համակարգ մուտք գործելու կարգը: Նախարարի դիտարկմամբ՝ օրինագծով առաջարկվող փոփոխությունն էապես բարելավելու է բիզնես միջավայրը, բիզնես ակտիվությունը, նպաստելու է ՓՄՁ գործունեությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրենքի նախագիծը և հանձնարարել աշխատանքներ տանել ԱԺ-ում այն արագ ընդունելու համար:

Share