Բաժին. Տնտեսական

ՀՆԱ-ն ամենահակասական, բայց և ամենակարևոր տնտեսական ցուցանիշն է

Երկրի տնտեսության առկա վիճակը գնահատելու հիմնական ցուցանիշը համախառն ներքին արդյունքն է՝ ՀՆԱ-ն: Այն հաշվարկվում է որպես մեկ տարվա ընթացքում սեփական և արտասահմանյան ռեսուրսների օգտագործմամբ տվյալ երկրում արտադրված ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկայական արժեք: Եվ չնայած արդեն ավելի քան 70 տարի ՀՆԱ-ն ներկայացվում է որպես կարևոր տնտեսական ցուցանիշ և լայնորեն կիրառվում է վիճակագրական հետազոտություններում ու տնտեսական վերլուծություններում, այն չի դադարում համարվել ամենահակասական ցուցանիշը:

Շատ տնտեսագետներ պնդում են՝ ՀՆԱ-ն չի արտացոլում երկրի տնտեսության վիճակն այն տեսանկյունից, որն առավել կարևոր է և հետևապես չպետք է դիտարկվի որպես բնակչության բարեկեցության ցուցանիշ: ՀՆԱ-ի երկնիշ աճն ու տնտեսական «բում»-ը չունեն որևէ նշանակություն, եթե դրանից օգտվում է երկրի բնակչության միայն շատ փոքր հատվածը: Եվ մինչ շատ տնտեսական վերլուծաբաններ և հայտնի տնտեսագետներ փորձում են գտնել ՀՆԱ-ին փոխարինող այնպիսի ճշգրիտ ցուցանիշ, որը կգնահատի երկրի իրական տնտեսական զարգացվածությունն ու բնակչության բարեկեցությունը, մակրոտնտեսագիտության տեսանկյունից ՀՆԱ-ն շարունակում է համարվել ամենակարևոր տնտեսական ցուցանիշը:

ՀՆԱ-ի «սահմանափակության» և բնակչության բարեկեցության ճշգրիտ գնահատման վերաբերյալ հետաքրքիր վերլուծություն են ներկայացրել Բոստոնի Խորհրդատվական Խմբի փորձագետները: Նրանք առաջարկում են ալյընտրանքային ցուցանիշ՝ Կայուն Տնտեսական Զարգացման Ինդեքսը, որը երկրները գնահատում է ըստ 3 հիմնական գործոնների՝ տնտեսություն, կայունություն և ներդրումներ: Այս գործոնններն իրենց հերթին հաշվարկվում են ըստ 10 չափորոշիչների, այդ թվում՝ եկամուտներ, տնտեսական կայունություն, զբաղվածություն, առողջապահություն, կրթություն, ենթակառուցվածքներ, եկամտային հավասարություն, քաղաքակրթություն,պետական կառավարում, շրջական միջավայր:

Ինչպես ընդգծում են փորձագետները՝ Կայուն Տնտեսական Զարգացման Ինդեքսը հնարավորություն է տալիս տեսնելու, թե որ երկրներին է հաջողվում տնտեսական աճը ճիշտ օգտագործել՝ ի նպաստ բնակչության բարեկեցության բարձրացման:

Կայուն Տնտեսական Զարգացման Ինդեքսի տվյալներով՝ վերջին տարիներին տնտեսական աճը բնակչության բարեկեցությանն ուղղելու ուղղությամբ ամենալավ արդյունքները գրանցել են հետևյալ երկրները՝ Նորվեգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Գերմանիա, Ավստրիա, Դանիա, Շվեյցարիա, Իսլանդիա, Բելգիա և Շվեդիա: 

Share