Բաժին. Տնտեսական

Սերգո Կարապետյանն ընդունել է Օքսֆամի պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր  ընդունել է «Օքսֆամ Մեծ Բրիտանիա» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Գոլդրինգի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև նախանշել կազմակերպության կողմից 2015 թվականին հիմնադրված ՕքսեՋեն տեղական հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, որը 2018 թվականից հետո կշարունակի Օքսֆամի առաքելությունը Հայաստանում:

Ողջունելով հյուրերին` Սերգո Կարապետյանը բարձր է գնահատել մեր երկրում Օքսֆամ կազմակերպության գործունեությունը` կարևորելով հատկապես սահմանամերձ համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը:

«Օքսֆամ միջազգային կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը մեծապես նպաստել են մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը,  կազմակերպության աջակցության շնորհիվ ավելացել են մանր գյուղացիական տնտեսությունների եկամուտները: Հուսով եմ, որ մեր համագործակցությունն Օքսֆամի հետ կունենա շարունակական բնույթ, իսկ հետագա համատեղ ծրագրերը նորաստեղծ հիմնադրամի հետ կլինեն նույնքան արդյունավետ», – նշել է Սերգո Կարապետյանը:

«Օքսֆամ Մեծ Բրիտանիա» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Գոլդրինգն իր հերթին համառոտ ներկայացրել է ՕքսեՋեն տեղական հիմնադրամի գործունեության հիմնական նպատակները` վստահություն հայտնելով, որ ապագայում հիմնադրամի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև կհաստատվեն սերտ փոխհարաբերություններ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները վերահաստատել են երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման պատրաստակամությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Share