Բաժին. Տնտեսական

Մեկնարկել է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը

Սեպտեմբերի 19-ին՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկել է «Արտադրված է Հայաստանում-2016» (“Made in Armenia-2016”) ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 22-ը։

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը։

ՀՀ էկոնոﬕկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն իր ողջույնի խոսքում նշել է. «Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ սա էլ տնտեսության զորահանդեսն է: Այս ցուցահանդեսով ﬔնք կարողանում ենք ﬕ քանի հստակ ուղերձնոր հղել: Առաջինը, անկախ նրանից, թե ինչպիսի արտաքին և ներիքն մարտահրավերներ են ձևավորվում, ﬔր արտադրողներն ի վիճակի են, ունակ են ստեղծել, արարել բարիքներ: Ի վիճակի են տալ ոչ թե պարզապես արտադրանք, այլ ﬕջազգային մրցունակությանը համապատասխանող արտադրանք: Երկրորդ ուղերձը ﬔզ բոլորիս է, աշխարհասփյուռ հայությանը` որակյալ հայկական արտադրանքի ձեռք բերուﬓ ու օգտագործումը հնարավորություն է տալիս հզորացնել ﬔր երկրի տնտեսությունը: Երրորդ ուղերձն ուղղված է թե′ օտարերկրյա, թե′ ներքին ներդրողներին, ովքեր ներդրում անելով Հայաստանի տնտեսության մեջ, հնարավորություն կունենան բազմապատկել շահույթը»:

Հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսին Հայաստանից և Արցախից մասնակցում են սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները ներկայացնող շուրջ 320 ընկերություններ։ Ցուցահանդեսին մասնակցում են նաև գործարար պատվիրակություններ Հայաստանի տնտեսության համար հեռանկարային շուկաներ ներկայացնող երկրներից։

Հանրապետության Նախագահը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ, շրջել է տաղավարներով և հետաքրքրվել ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների արտադրանքով ու ծառայություններով, ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց խնդիրների և զարգացման ծրագրերի մասին:

Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը ճեպազրույց են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

«Որպես նախարար ինձ համար հպարտության զգացում է բոլոր տաղավարներում հայկական արտադրանքներ տեսնելը, զգալը, որ արտադրանքները որակ ունեն, միջազգային մակարդակով անհրաժեշտ մրցակցության պայմաններ կան: Սա մեր տնտեսության զորահանդեսն է, և պատահական չէ, որ սկսած տեխնոլոգիական ապրանքներից, ավարտած սննդի մասով և ծառայություններով, մենք կարող ենք հպարտորեն ասել, որ ունենք այդ ներուժը և տնտեսության մեջ որոշակի դրական փոփոխություններ իրականացնելով` կկարողանանք ոտքի կանգնեցնել մեր տնտեսական ուղղվածության ներուժը»,-նշել է Արծվիկ Մինասյանը:

Նախարարի պաշտոնակատարը նաև ավելացրել է, որ ցանկացած երկրի տնտեսության հիմքը երեք հիմնական ուղղություններն են՝ ներդրումները, տեխնոլոգիաները և մասնագիտական կարողությունները:

«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը Հայաստանում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություն է, որը յուրօրինակ հաշվետվություն է հայրենական արտադրության արդյունքների ու ներուժի մասին: Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, ինչպես նաև նպաստել նոր շուկաների բացահայտմանը։

Ցուցահանդեսն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ։ Այն կազմակերպվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։

Share