Բաժին. Տնտեսական

Ի՞նչ վճարներ են գանձվում ֆիզիկական անձի կողմից Ռուսաստանից Հայաստան տարանցիկ հայտարարագրով ներմուծվող ավտոմեքենաների դեպքում

Բոլոր հարցերն ունեն իրենց պատասխանները. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնն ամեն շաբաթ ամփոփում է ստացված հարցումները և առանձնացնում ամենից հաճախ տրված հարցը: Նախորդ շաբաթ  զանգահարած քաղաքացիների զգալի մասին հետաքրքրող հարցը և մասնագետի պատասխանը ներկայացնում ենք ստորև.

Հարց. անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ անդամ երկիր հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ տարածք տարանցիկ հայտարարագրով ներմուծվող ավտոմեքենաների դեպքում ի՞նչ վճարներ են գանձվում:

Պատասխան. անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ անդամ երկրից ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ-ի 8703 ծածկագրին դասվող մեկ թեթև մարդատար ավտոմեքենայի համար ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվում: Տվյալ դեպքում հաշվարկվում և վճարվում է բնապահպանական վճար հետևյալ սկզբունքով.

– մինչև 5 տարի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար բնապահպանական վճար չի գանձվում,

– 5 տարուց ավելի՝ մինչև 10 տարի ներառյալ, թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում բնապահպանական վճար է գանձվում հարկման բազայի 2%-ի չափով,

– 10 տարուց ավելի՝ մինչև 15 տարի ներառյալ, թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում՝ հարկման բազայի 10%-ի չափով,

– 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում՝ հարկման բազայի 20%-ի չափով:

Պատասխանի համար հիմք են ծառայում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածը, «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, ՀՀ Կառավարության 30.07.2015թ. N865-Ն որոշումը:

Share