Բաժին. Տնտեսական

Մեկնարկել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանը

Հոկտեմբերի 3-ին Երևանում մեկնարկել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի գլխավորած պատվիրակությունը։

Նստաշրջանի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին։

Ողջունելով մասնակիցներին և հյուրերին` նախարար Կարայանը արդյունավետ ընթացք է մաղթել նստաշրջանի աշխատանքներին, նշելով համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության մեջ չափազանց նշանակալի այս միջոցառման` Հայաստանում անցկացման կարևորությունը:

– Նստաշրջանը հնարավորություն է տալիս բազմաթիվ երկրներից ժամանած  հյուրերին կարճ ժամանակում ծանոթանալու մեր երկրի պատմամշակութային արժեքներին և զբոսաշրջության ոլորտում իրականացվող քայլերին, ինչն էլ  հնարավորություն կտա, որ մեր գործընկերները օգնեն և օժանդակեն այս  ոլորտի` էլ ավելի արագ տեմպերով զարգացմանը,- իր խոսքում, մասնավորապես, նշել է  ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին շնորհակալություն է հայտնել նստաշրջանի աշխատանքները Հայաստանում կազմակերպելու համար` նշելով, որ նպատակակետը Հայաստանն աշխարհին հայտնի ու տեսանելի դարձնելն է:

ՄԱԿ ԶՀԿ պատվիրակության անդամները միջոցառման շրջանակներում այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գառնու տաճար, Խոր Վիրապ և Գեղարդ վանական համալիրներ, Արենի-1 քարանձավ, Սևանա լիճ, UWC Դիլիջանի միջազգային դպրոց, մասնակցել Արենի գինու փառատոնին, զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տոնակատարությանը և այլն։

Share