Բաժին. Տնտեսական

Ճգնաժամը շարունակվում է. Ադրբեջանում բարձր գնաճ է ակնկալվում

Ադրբեջանի նախարարների խորհրդի որոշմամբ՝ Ադրբեջան ներկրվող որոշ ապրանքների համար նոր եւ ավելի բարձր ներմուծման մաքսատուրքեր կսահմանվեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվականը: Այն ապրանքների շարքում, որոնց ներմուծման մաքսատուրքերը կբարձրացվեն, ներառված են հավի միսը, ձուն, սոխը, վարունգը, ընկույզը, խաղողը, խնձորը, տանձը, սերկևիլը, խուրման, մրգային հյութերը, ալկոհոլային խմիչքները եւ այլն:

Պտուղ-բանջարեղենային ապրանքների ներմուծման մաքսային վճարը կսահմանվի 1 կիլոգրամի համար 1-3 դոլարի սահմանում, իսկ 1000 ձվի ներկրման համար կսահմանվի 100 դոլար մաքսատուրք: Մրգային հյութերի և ալկոհոլային խմիչքների ներկրման մաքսատուրքը կկազմի 1 լիտրի համար ոչ պակաս, քան 0.7 դոլար: Նախարարների խորհրդի այս որոշումը 2 տարի ժամկետով ուժի մեջ կմտնի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Մինչեւ այս պահը վերոնշյալ ապրանքների համար մաքսատուրքը գանձվել է ամեն ապրանքի հաստատագրված 15 %-ի չափով:

Փորձագետների տված գնահատականների համաձայն` ընդունված որոշման հետեւանքով երկրում բարձր գնաճ կնկատվի, ինչը ավելի կծանրացնի Ադրբեջանի բնակչության առանց այն էլ դժվար սոցիալական վիճակը: Ադրբեջանի կառավարությունն այս որոշմամբ ցանկանում է կտրուկ ավելացնել երկրի 2017 թվականի բյուջեի մուտքերը, որոնք, ըստ կանխատեսումների, մաքսային տուրքերի վերաբերյալ այս նոր որոշման արդյունքում կավելանա 27.2 տոկոսով: Ադրբեջանի պետական բյուջեում 2016 թվականի հունվար- օգոստոս ամիսներին ծախսերի եւ մուտքերի միջեւ ճեղքվածքը կազմել է 1 մլրդ 67 մլն մանաթ, ինչը կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի 2.8 տոկոսը:

Ադրբեջանի կառավարությունը ելքեր է փնտրում նախորդ տարի նավթի եւ մանաթի էժանացումից հետո ծանր վիճակում հայտնված երկրի բյուջեն փրկելու համար:

Share