Բաժին. Տնտեսական

Սուրեն Կարայանը հանդիպել է նախարարության համակարգի որակի ենթակառուցվածքի ազգային մարմինների ղեկավարների հետ

Հոկտեմբերի 12-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել որակի ենթակառուցվածքի ազգային մարմինների ղեկավարների հետ:

Հանդիպման առանցքում նախարարության համակարգի կազմակերպությունների գործունեությանն առնչվող հարցերն էին:

Նախարար Սուրեն Կարայանը կարևորել է առավել որակյալ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը և գործարարների հետ արագ և թափանցիկ աշխատանքը, ուր կբացառվեն սուբյեկտիվ որոշումները:

Բիզնես միջավայրի բարեփոխմանն ուղղված քայլերը պետք է կատարվեն արագ և տեղին` վերականգնելով վստահության մթնոլորտը մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ:

– Անհրաժեշտություն կա բաց հարթակի ձևավորման, ինչը հնարավորություն կտա գործարարներին հուզող բոլոր խնդիրներին ու հարցերին առցանց  տալ սպառիչ պատասխան: Կան բազմաթիվ խնդիրներ որակի ենթակառուցվածքների, մատուցվող ծառայությունների հետ կապված: Գործարար միջավայրը պետք է հստակ զգա կատարվող փոփոխությունները, որոնք պետք է լինեն կտրուկ և արագ, բայց ոչ մատուցվող ծառայությունների որակի հաշվին,- նշել է Սուրեն  Կարայանը:

Նախարարի խոսքով` համակարգը պետք է ստեղծի հավելյալ արժեք տնտեսվարող սուբյեկտների համար, ձևավորի միջազգային չափանիշներին համապատասխան միջավայր, ինչը հնարարվորություն կտա արտադրող ընկերություններին կազմակերպել ՀՀ-ում բարձրորակ և արտահանման պոտենցիալ ունեցող մրցունակ արտադրանք:

Էլեկտրոնային նորարարական լուծումների ներդրմամբ հնարավոր կլինի բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, ինչը գործընթացներում կնվազեցնի մարդկային գործոնը` որոշումների կայացման մեջ բացառելով սուբյեկտիվ մոտեցումը:

Միաժամանակ, արդյունավետ աշխատանք պետք է տարվի կադրերի բարելավման և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ:

Կատարվող աշխատանքների ու բարեփոխումների ներկայացման հարցում կարևորվել է հանրային իրազեկման խնդիրը. սա հնարավորություն կտա տեսանելի դարձնել կազմակերպությունների գործունեությունը` արժեվորելով իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Կարայանի կողմից տրվել են հանձնարարականներ` սեղմ ժամկետներում բարեփոխումների և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ  առաջարկների ներկայացման համար:

Share