Բաժին. Տնտեսական

Պարենային շուկա. ի՞նչն է թանկացել, ի՞նչն՝ էժանացել

Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.3% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի 4.8% գնանկումը:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 4.8-0.1% գնանկում, 4-ում` 0.3-4.6% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Այսպես, սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 19.0%, իսկ նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ՝ 4.8% գնանկում:

Կաթնամթերքի ապրանքախմբում այս տարվա սեպտեմբերին 2015թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4.3%, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 0.5% գնանկում:

Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. սեպտեմբերին 2015թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4.1%, իսկ 2016թ. օգոստոսի համեմատ` 0.2% գնանկում:

2016թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացամթերքի, կենդանական և բուսական յուղերի, սուրճի, թեյի, կակաոի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի 0.1% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2016թ. սեպտեմբերին 2015թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 2.0%, իսկ 2016թ. օգոստոսի համեմատ` 1.0% գնաճ:

Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. սեպտեմբերին 2015թ. սեպտեմբերի համեմատ աճել է 15.5%-ով, իսկ 2016թ. օգոստոսի համեմատ՝ 1.0%-ով:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2016թ. սեպտեմբերին 2015թ. սեպտեմբերի համեմատ աճել է 9.8%-ով, իսկ 2016թ. օգոստոսի համեմատ՝ 4.6%-ով:

2016թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկնամթերքի, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ համապատասխանաբար 0.3% և 0.4% գնաճ, իսկ այլ մթերքի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Share