Բաժին. Տնտեսական

Թեթև արդյունաբերության միջազգային համաժողովը Հայաստան կբերի տարբեր երկրների արտադրողների և դիզայներների

«Երևան էքսպո» կենտրոնում հոկտեմբերի 17-19-ն իրականացվելու է նոր նախագիծ` «Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» («Light Industry International Trade Show: Congress, Exhibition, Fashion Days») խորագրով:

Նախագծի համակազմակերպիչներն են՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնը, «Սիգնում» ընկերությունը և Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագծի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի թեթև արդունաբերության գործատուների միությունը:

Միջոցառման ընթացքում կներկայացվի թեթև արդյունաբերության ոլորտի ողջ արժեշղթան՝ թելից մինչև պատրաստի հագուստի արտադրություն, այդ թվում նաև կաշվե իրեր, գլխարկներ, զարդ և աքսեսուարներ:

Միջոցառումը նպատակաուղղված է խթանելու Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը, նախանշելու տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, բացահայտելու նոր շուկաներ մուտք գործելու առկա հնարավորությունները, ինչպես նաև ձևավորելու գործընկերային հարաբերություններ ու  նպաստելու փորձի փոխանակմանը:

Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաժնից` թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, թեթև արդյունաբերության ցուցահանդես, նորաձևության օրեր:

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Իրանից, եվրոպական երկրներից թեթև արդյունաբերության ոլորտում ներգրավված արտադրողներ, գնորդներ, դիզայներներ և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Share