Բաժին. Տնտեսական

«Հակասությունների երկիր». 5 կարևոր փաստ Հնդկաստանի տնտեսության մասին

Այսօր Հնդկաստանն ունի աշխարհում ամենաարագ աճող տնտեսությունը: Հավանաբար սա է պատճառը, որի վերջին ժամանակահատվածում Հնդկաստանն իր տնտեսությամբ և զարգացման միտումներով հայտնվել է առաջատար տնտեսագետների և տնտեսական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում, և ինչպես նշում են նրանցից շատերը՝ չնայած տնտեսության աճին և երկրում կյանքի որակի բարձրացմանը, Հնդկաստանում աղքատ բնակչության թվաքանակը ռեկորդային է:

Ստորև ներկայացնում ենք որոշ փաստեր և թվեր, որոնք առավելագույնս ներկայացնում են Հնդկաստանի տնտեսության զարգացման ներուժն ու մարտահրավերները.

7.6% / 2017 թվականի համար Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) Հնդկաստանի տնտեսության համար կանխատեսում է աճի կայուն տեմպ՝ 7.6%: ԱՄՀ վերլուծաբանների գնահատմամբ՝ համաշխարհային շուկայում նավթի գների հարաբերական ցածր մակարդակը դրական ազդեցություն է թողել Հնդկաստանի տնտեսության վրա, սակայն որոշ ուղղություններով տնտեսական աճի ազդեցությունը դեռևս բավականին թույլ է: Սա վերաբերում է առավելապես նոր աշխատատեղերի ստեղծմանը:

39 / 2016 թվականի ցուցանիշներով Հնդկաստանն իր տնտեսության մրցունակությամբ աշխարհում 39-րդն է: Նախորդ տարվա համեմատ աճը զգալի է: Համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն՝ 2015 թվականին Հնդկաստանն իր մրցունակությամբ աշխարհի 138 երկրների շարքում 55-րդն էր:

$108 մլրդ / Հնդկաստանի տնտեսության զգալի մասը կազմում են ծառայությունները, և առավելապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաները: 2014-2015 թվականներին Հնդկաստանում ՏՀՏ ոլորտի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 108 մլրդ ԱՄՆ դոլար: Ընդ որում, ՏՀՏ ոլորտի արտադրանքն առավելապես արտահանվել է ԱՄՆ և Եվրոպա:

70% / Հնդկաստանի բնակչության ավելի քան 70%-ն ապրում է գյուղական բնակավայրերում և բնակչության շուրջ 58%-ի համար եկամուտի միակ աղբյուրը գյուղատնտեսությունն է:

1% / 2013 թվականին Հնդկաստանում եկամտային հարկ է վճարել բնակչության միայն 1%-ը, որը կազմում է շուրջ 12.5 մլն մարդ:

Share