Բաժին. Տնտեսական

Հայաստանում շուրջ 60 հազար մարդ ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 29.8%, այսինքն՝ մեր երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը աղքատ է. նրանց ամսական սպառողական ծասխերը գտնվել են 41 հազար 698 ՀՀ դրամ (կամ 87.2 ԱՄՆ դոլար) վերին աղքատության գծից ցածր:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ Հայաստանում աղքատների ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 900 հազար մարդ, ընդ որում՝ նրանցից շատ աղքատների թվաքանակը կազմում է մոտ 310 հազար՝ ներառյալ 60 հազար ծայրահեղ աղքատները:

Նշենք, որ շատ աղքատ են այն տնային տնտեսությունները, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է 34 հազար 234 ՀՀ դրամ (կամ 71.6 ԱՄՆ դոլար) աղքատության ստորին գծից, և ծայրահեղ աղքատ են նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության պարենային գծից՝ 24 հազար 109 ՀՀ դրամ (կամ 50.4 ԱՄՆ դոլար):

Հարկ է նշել, որ Հայաստանում աղքատությունը շատ չի տարբերվում ըստ քաղաքային (29.4%) և գյուղական (30.4%) բնակավայրերի: Վերջին շուրջ յոթ տարվա ընթացքում աղքատության մակարդակի բարձրացումը քաղաքային և գյուղական բնակավայրերում կազմում է, համապատասխանաբար, 1.8 և 2.9 տոկոսային կետ:

Միևնույն ժամանակ, Ջինիի գործակցի միջոցով գնահատված անհավասարության ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում եկամուտների բաշխվածությունը տնային տնտեսությունների շրջանում անհավասար է: Այսպես, 2015 թ. սպառման անհավասարությունը, որը չափվում է Ջինիի գործակցով, կազմել է 0.374` 2008 թ. 0.339-ի համեմատ (Ջինիի 0 գործակիցը նշանակում է լիակատարար հավասարություն Հայաստանի բոլոր տնային տնտեսությունների շրջանում, 1-ը նշանակում է ծայրահեղ աղքատություն և ամենահարուստ տնային տնտեսությունների կողմից բոլոր ռեսուրսների տիրապետում):

Share