Բաժին. Տնտեսական

Bloomberg. Կարեն Կարապետյանը Հայաստանում լուրջ փոփոխությունների կարիք է տեսնում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանում լուրջ փոփոխությունների կարիք է տեսնում և պնդում է, որ իր գլխավորած կառավարությունն առաջարկում է ամենաարագ փոփոխությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Bloomberg գործակալությունը հոդված է հրապարակել, որում ներկայացրել է Հայաստանի տնտեսությունն առաջ մղելու`  վարչապետ Կարեն Կարապետյանի տեսլականը:

«Մենք կստեղծենք հավասար մրցակցային պայմաններ գործարարների համար: Գործարարների համար խոչընդոտներ չպետք է լինեն»,- Կարապետյանի խոսքերն է հիշեցնում գործակալությունը:

Bloomberg-ը հիշեցնում է, որ  Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետին անվանել է «փոփոխությունների խորհրդանիշ», իսկ Կարապետյանն իր նշանակման հաջորդող օրերին օրենսդիրներին ասել էր, որ երկրի տնտեսությունը ծանր վիճակում է գտնվում, և անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ:

«Որևէ մեկը անձեռնմխելի կամ արտոնյալ չէ», – ասել էր Կարեն Կարապետյանն, ով թեպետ կենտրոնացել է արագ փոփոխություններ արձանագրելու վրա, նաև պատրաստվում է երկրի զարգացման ուղիների որոնման նպատակով ձևավորել արտերկրյա մասնագետներից բաղկացած խորհրդատվական խումբ:

Գործակալությունը հավելել է, որ «Հայաստանի նոր վարչապետը պատրաստվում է հաջորդ վեց ամիսների ընթացքում մշակել հեռանկարային զարգացման ծրագիր, որպեսզի 2018թ.-ից սկսած երկիրը տարեցտարի կայուն աճ արձանագրի»:

Bloomberg-ը նաև նշել է, որ վարչապետը խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ, վերացնել բյուրոկրատական քաշքշուկները և աջակցել ձեռնարկություններին ու բիզնեսի զարգացմանը:

Share