Բաժին. Տնտեսական

Տնտեսական ակտիվության անկումը շարունակվում է

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպի անկում շարունակվում է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է ընդամենը 0.4%:

Հիշեցնենք, որ հունվար-սեպտեմբերին ցուցանիշը կազմել էր 1.6%, հունվար-օգոստոսին` 2.4%, հունվար-հուլիսին ցուցանիշը կազմել էր 3%, հունվար-հունիսին՝ 4.8%, հունվար-մայիսին՝ 5.5%:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի 0.4% աճին նպաստել են բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը և արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը, մինչդեռ գյուղատնտեսության, շինարարության և առևտրի ոլորտներում գրանցվել է անկում:

Այսպես, հաշվետու 10 ամսում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.5%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 7.7%:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է շուրջ 7% անկում, շինարարության ոլորտում գրանցվել է մոտ 10% անկում, իսկ առևտրի շրջանառությունը կրճատվել է 0.1%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1 տրիլիոն 152 մլրդ 223.3 մլն ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 757.27 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝  1 տրիլիոն 753 մլրդ 834.1 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝  1 տրիլիոն 33 մլրդ 768.3 մլն ՀՀ դրամ,  իսկ շինարարության ծավալը՝ 275.63 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.5%:

Նշենք նաև, որ 2015 թվականին մեր հանրապետությունում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.1% աճ:

Share