Բաժին. Տնտեսական

Հայաստանը ՎԶԵԲ-ից 50 մլն դոլար բյուջետային վարկ կներգավի

Գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագիծը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային վարկ` 50 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի չորրորդ ֆինանսավորման նպատակն է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղությամբ՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում:

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին» փոխըմբռնման հուշագրի նախագծին: Փոխըմբռնման հուշագիրը երկու երկրներին հնարավորություն կընձեռի հաստատել վստահելի և հավասարազոր գործընկերություն, ինչը կնպաստի տրանսպորտի ոլորտում փոխշահավետ համագործակցությանը, կապահովի բարենպաստ պայմաններ երկու երկրների միջև, ինչպես նաև կդյուրացնի երկու երկրների տարածքներով դեպի երրորդ երկրներ տարանցիկ բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները:

Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Համաձայնագրերը նպատակաուղղված են օդային հաղորդակցությունների ոլորտում գործընկեր պետությունների հետ հարաբերությունների լիարժեք, պատշաճ իրականացման կարգավորմանը, «բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմամբ ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանից հետաքրքրվել է՝ հաջորդ տարվա համար նախանշվա՞ծ են արդյոք, թե քանի նոր ուղղություններ կապահովվի «բաց երկնքի» քաղաքականությունից օգտվելով: Նշելով, որ այս պահին թվերով չի կարող ասել, թե քանի ուղղություն կբացվի՝ Սերգեյ Ավետիսյանը վստահեցրել է, որ կարվի հնարավորը նոր ուղղություններ բացելու և ուղևորահոսքի աճ ապահովելու համար: Վարչապետը հանձնարարել է պատասխանատու մարմինների ղեկավարներին հետևողական լինել և մինչև տարեվերջ ուրվագծել անելիքները:

Share