Բաժին. Տնտեսական

Պոբեդայի թռիչքները կավելացնեն ջավախքցիների հոսքը դեպի Շիրակի մարզ

Դեպի «Շիրակ» օդանավակայան «Պոբեդա» ավիաընկերության թռիչքների հետ կապված, նախատեսվում է Շիրակի մարզում ակտիվացնել զբոսաշրջիկների հոսքը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը:

«Քանի որ «Շիրակ» օդանավակայանում ինքնաթիռների թռիչքների ակտիվություն է սպասվում, մենք մշակել ենք հայեցակարգ, ըստ որի, նախատեսում ենք Շիրակ ժամանած զբոսաշրջիկին գոնե մեկ կամ երկու օր պահել: Նպատակն այն է, որ օդանավակայանը ոչ թե ծառայի որպես տարանցիկ վայր, այլ լինի հնարավորություն այցելուների հոսքը դեպի Շիրակի պատմամշակութային վայրեր ուղղելու համար»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը` նկատելով, որ դեպի Շիրակ ակնկալվում է հոսք Ջավախքից:

Այն հարցին, թե ձմռան սեզոնին տարեկան որքան զբոսաշրջիկ է այցելում Հայաստան, Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ ընդհանուր թիվ կա, սակայն դա իրական պատկերը չի ներկայացնում: Չի բացառվում, որ այդ թվի, ասենք 80 տոկոսը, բիզնես նպատակով է Հայաստան եկել կամ պարզապես բարեկամին տեսնելու: Իրական պատկերն ունենալու համար, ըստ Զարմինե Զեյթունցյանի, նախատեսվում է ծրագիր իրականացնել վիճակագրական աշխատանքները նոր որակի բերելու համար: Մասնավորապես, այնպես անել, որ վիճակագրությունը ներկայացվի թիրախավորված, այլ ոչ թե ընդհանուր թվերով:

Զարմինե Զեյթունցյանը նկատեց, որ զգալի անելիքներ կան Հայաստանի տեսարժան վայրերը և միջազգային շրջանակներում և հայ հասարակությանը ճանաչելի դարձնելու համար: Նրա խոսքով, 2017 թվականին ամենամեծ շեշտը դրվելու է երկրի ճանաչելիության վրա:

Անդրադառնալով զբոսաշրջային ծառայությունների, հյուրանոցների գներին` Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ իրականում այդ ոչ մատչելիության հարցը երբեմն չափազանցված է:

«Իմ շփումները Հայաստան այցելած օտարազգիների հետ ցույց են տալիս, որ նրանք մեր երկիրը դիտարկում են մատչելի հնարավորություններով վայր»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը: Լրագրողների այն դիտարկմանը, թե եղած գները մատչելի չեն Հայաստանի բնակիչների համար, Զարմինե Զեյթունցյանը համաձայնեց` նշելով, որ պետության կողմից սոցփաթեթի ծրագրի իրականացումն ուղղված է ներքին զբոսաշրջության զարգացմանը: Ամեն դեպքում Զարմինե Զեյթունցյանը նկատեց, որ Հայաստանում ևս մատչելի գներով հյուրանոցներ և հյուրատներ կան, այլ հարց է, որ այդ մասին լավ չի գովազդվում:

Share