Բաժին. Տնտեսական

ՓՄՁ ԶԱԿ-ը ԵՄ դրամաշնորհով զարգացման ծրագիր կիրականացնի Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը ստորագրել է Եվրոպական միության կողմից 1 միլիոն 123 հազար եվրո դրամաշնորհի պայմանագիրը: Մյուս կողմից պայմանագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՓՄՁ ԶԱԿ-ից՝ հավելելով. «Ստորագրումը տեղի ունեցավ «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը` հանուն Հայաստանի մարզերի զարգացման» համաժողովի ընթացքում` «Պիլոտային տարածաշրջանային զարգացման ծրագրի դրամաշնորհի» շրջանակում:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացրած ծրագիրն իրականանալու է Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը գլխավորում է կոնսորցիումը, որին մասնակցում են ևս երեք տեղական կազմակերպություններ` «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ, «Սյուն» ՀԿ։  Ծրագրի նպատակն է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը: Դա նախապայման կդառնա տեղական/տարածաշրջանային զարգացման համար:

1,6 միլիոն եվրո ընդհանուր արժեքով ծրագիրն ունենալու է 3 բաղադրիչ` «Ձեռնարկատիրության խթանում», «Զբաղվածության խթանում», «Ենթակառուցվածքների զարգացում»: 2-ամյա ծրագրի արդյունքում ակնկլավում է ստեղծել ավելի քան 60 կայուն աշխատատեղ և մոտ 50 նոր ՓՄՁ, գրեթե 100 ձեռնարկություն կստանա բազմակողմանի աջակցություն և կգրանցի շրջանառության, աշխատատեղերի աճ, նորարարական մոտեցումներ բիզնեսի կազմակերպման և կառավարման հարցերում, կստեղծեն նոր արտադրանք/ծառայություն, մուտք կունենան դեպի նոր շուկաներ:

Ծրագիրի ենթակառուցվածքային բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Լոռու մարզում «ճամփեզրյա կայանի» կառուցում և գործարկում: Այն կծառայի որպես տեղական արտադրանքի ուղիղ վաճառքի կետ, տեղեկատվական կենտրոն և հանգստի կետ զբոսաշրջիկների համար, ինչպես նաև ուսուցողական կենտրոն տեղի գործարարների համար:

Share