Բաժին. Տնտեսական

Որքա՞ն է կազմում կանանց և տղամարդկանց աշխատավարձի տարբերությունը Հայաստանում

Հայաստանում ղեկավար պաշտոններ զբաղեցրած տղամարդիկ գերազանցում են կանանց 2.4 անգամ: Տղամարդիկ ավելի հաճախ են ներգրավված նաև բարձր և միջին որակավորում պահանջող աշխատանքներում, քան կանայք: Այս մասին է վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած՝ «Հայաստանի կանայք և տղամարդիկ – 2016» զեկույցը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 15-75 տարեկան արական սեռի բնակչության 73%-ը զբաղված է կամ փնտրում է աշխատանք, իսկ 15-75 տարեկան կանանց 46%-ը չունի աշխատանք և չի փնտրում՝ հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ:

Ինչ վերաբերում է աշխատավարձային անհավասարությանն, ապա 2015 թվականին Հայաստանում կանանց միջին աշխատավարձը կազմել է տղամարդանց աշխատավարձի 66.5%-ը: Վերջին 10 տարվա ընթացքում կանանց և տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձերի տարբերությունը կրճատվել է 10.8% տոկոսային կետով:

Ուշագրավ ևս մի քանի վիճակագրական տվյալներ Հայաստանի աշխատանքի շուկայի վերաբերյալ: Այսպես, 15-29 տարեկան իգական սեռի երիտասարդների գրեթե 45%-ը և արական սեռի երիտասարդների 24%-ը չեն սովորում և չեն աշխատում:

Մեր երկրում 15-75 տարեկան բնակչության թվաքանակը կազմում է 2.1 մլն: Կանայք գերակշռում են բոլոր տարիքային խմբերում, բացառությամբ 15-19 տարեկանների: Ընդ որում, սեռային անհավասար բաշխումը հատկապես խորանում է 39 տարեկանից բարձր գրեթե բոլոր տարիքային խմբերում:

Share