Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ-ն աշխատում է «սպասվածից» ցածր վնասաբերությամբ

ԱՊՊԱ համակարգն աշխատում է «սպասվածից» լավ և ապահովագրական ընկերություններին բերում է եկամուտ:

Ինչպես տեղեկանում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից՝ ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է 53%:

Նշենք, որ ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը ցույց է տալիս տրված փոխհատուցումների բաժինը հավաքագրված ապահովագրական ընդհանուր վճարների հանրագումարում:

ԱՊՊԱ-ի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը Հայաստանում ընդունվել է 75-78%: Սահմանված նորմերի համաձայն՝ ապահովագրավճարների 75-78%-ը նախատեսված է փոխհատուցումների տրամադրման համար, 22-25%ը՝ վարչական ծախսերի, ինչպես նաև եկամուտների մասնհանումների համար:

Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ նոյեմբեր ամսվա վերջի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմում է 459 հազար 152 միավոր, ինչը նախորդ՝ հոկտեմբեր ամսվա համեմատ աճել է 4 հազար 139-ով:

 

Share