Տնտեսական | 21:27 19/12/16

22 անհավանական փաստ Ուորեն Բաֆեթի և նրա $70 մլրդ կարողության մասին

86-ամյա Ուորեն Բաֆեթն աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսիստն է, ամենահաջողակ ներդրողն ու ամենահարուստ մարդկանցից մեկը: Այսօր Բաֆեթի կարողությունը գնահատվում է շուրջ 70 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ նրա գրանցած հաջողությունները բիզնեսում և կյանքում համարվում են անհավանական:

Ամերիկյան Business Insider պարբերականը հավաքել և ներկայացրել է Ուորեն Բաֆեթի մասին ամենահետաքրքիր փաստերը, որոնք բացահայտում են նրա հաջողության գաղտնիքները.

Փաստ 1. Արդեն 11 տարեկանում, ի տարբերություն իր հասակակիցների, Ուորեն Բաֆեթը լուրջ նպատակներ ուներ: Նյու Յորքի ֆոնդային բորսայի անդամների հետ պատահական ծանոթությունից հետո Բաֆեթը որոշել էր, որ իր կյանքը կառուցելու է փողի շուրջ: Եվ մինչ այսօր Բաֆեթը չի դադարում պայքարել՝ կյանքի տարբեր փուլերում սահմանած իր նպատակների համար:

 Փաստ 2. Իր առաջին արժեթղթերը Բաֆեթը գնել է 11 տարեկանում՝ յուրաքանչյուր արժեթղթի դիմաց վճարելով 38 ԱՄՆ դոլար (նկարում այն տունն է, որտեղ մեծացել է ապագա միլիարդատերը):

Փաստ 3. Պատանեկան տարիքում Բաֆեթն ամսական աշխատել է 175 ԱՄՆ դոլար՝ ավելին, քան իր ուսուցիչների աշխատավարձն էր:

Փաստ 4. 16 տարեկանում Ուորեն Բաֆեթն արդեն կուտակել էր 53 հազար ԱՄՆ դոլար՝ թերթեր բաժանելով, նամականիշներ և գոլֆի գնդակներ վաճառելով:

Փաստ 5. Ուորեն Բաֆեթին մերժել են սովորել Հարվարդի բիզնես դպրոցում:

Փաստ 6. Երտասարդ տարիքում Բաֆեթը երազում էր աշխատել Բենիամին Գրահանի մոտ, սակայն նրա առաջին փորձն անհաջող էր՝ հարցազրույցից հետո Գրահանը մերժել էր: Բաֆեթը, սակայն, չի հանձնվում և վերջիվերջո աշխատանքի է անցնում Գրահանի մոտ:

Փաստ 7. Երիտասարդ տարիքում Բաֆեթը վախենում էր հրապարակային ելույթներից: Իր այդ վախը հաղթահարելու նպատակով Բաֆեթը 21 տարեկանում վճարում է 100 ԱՄՆ դոլար և մասնակցում Դեյլ Քարնեգիի՝ հրապարակային խոսքի վարպետության դասընթացին: Շնորհիվ այս դասընթացի Բաֆեթը ձեռք է բերում վստահություն: Այն Բաֆեթին օգնում է նաև ամուսնության առաջարկ անել իր կնոջը:

Փաստ 8. Այն տունը, որտեղ այսօր ապրում է Ուորեն Բաֆեթը, գտնվում է Օմահայում, Նեբրասկա նահանգում։ Բաֆեթն այն գնել էր 1956 թվականին՝ 31.5 հազար ԱՄՆ դոլարով: Այժմ այդ նույն թաղամասում տների միջին գինը կազմում է 2.15 մլն ԱՄՆ դոլար:

Փաստ 9. Բաֆեթը նորագույն տեխնոլոգիաների սիրահար չէ: Իր գրասեղանին նա չունի համակարգիչ և սմարթֆոնների փոխարեն նախընտրում է սովորական հեռախոս:

Փաստ 10.  Իր կյանքի ընթացքում Բաֆեթն ուղարկել է միայն մեկ էլեկտրոնային հաղորդագրություն, այն էլ՝  Microsoft ընկերության իր գործընկերոջը:

Փաստ 11. Բաֆեթը թղթախաղի սիրահար է: Նրա հիմնական խաղընկերներից է Բիլ Գեյթսը:

Փաստ 12. Իր օրվա մեծ մասը Բաֆեթը նվիրում է ընթերցանությանը:

Փաստ 13. ՈՒորեն Բաֆեթը  Coca-Cola-ի մեծ սիրահար է:

Փաստ 14.  Իր կարողության 99%-ն Ուորեն Բաֆեթն աշխատել է առավել մեծ տարիքում՝ 50-ամյակը տոնելուց հետո:

Փաստ 15. Բաֆեթը միակ ներդրողն է, ում ազդեցությունը շուկայի վրա դեռևս անգերազանցելի է:  Նա հայտնի է որպես ներդրող, ում հաջողվել է բազմիցս ցնցել ֆոնդային բորսաները:

Փաստ 16.  Եթե որևէ ներդրող 1964 թվականին ներդներ $1000 և գներ Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսեր, ապա այսօր կունենար $11.6 մլն կարողություն:

Փաստ 17. Բաֆեթի զուտ կարողությունն ավելին է, քան, օրինակ, Ուրուգվայի ՀՆԱ-ն:

Փաստ 18. Իր կյանքի ընթացքում Բաֆեթը բարեգործությանը նվիրաբերել է ավելի քան $20 մլրդ:

Փաստ 19. Այն գումարներով, որոնք Բաֆեթն ուղղել է բարեգործությանը, կարելի էր կառուցել, օրինակ, 6 հատ Apple-ի «տիեզերական» կենտրոնակայան:

Փաստ 20. 2013 թվականին Բաֆեթն օրական աշխատել է միջինը 37 մլն ԱՄՆ դոլար:

Փաստ 21. 2016 թվականին Բաֆեթը բարեգործական տարբեր ծրագրերի է նվիրաբերել շուրջ 2.9 մլրդ ԱՄՆ դոլար:

Փաստ 22. Սինգապուրցի մի գործարար Բաֆեթի հետ ընթրիքի հրավիրատոմսի համար վճարել է $2.2 մլն: