Բաժին. Տնտեսական

2017 թվականի համար կառավարությունը «խոստանում է» արտահանման 7% աճ

2017 թվականին Հայաստանի արտահանումը, դոլարային արտահայտությամբ, կաճի շուրջ 7%-ով: Նման կանխատեսում է ներկայացրել Հայաստանի կառավարությունը՝ 2017 թվականի իր բյուջետային ուղերձում:

Ինչպես նշվում է փաստաթղթում՝ գալիք տարում արտահանման աճին կնպաստեն, մասնավորապես, համաշխարհային թողարկման աճը, Ոուսաստանում տնտեսական ակտիվության վերականգնումը և Հայաստանի կառավա­րության կողմից տնտեսության արտա­հանելի ոլորտում տարվող քաղաքականությունը:

Ինչ վերաբերում է անցնող տարվան, ապա ըստ կառավարության կանխատեսման՝ 2016 թվականի արդյունքներով արտահանման աճը, դոլարային արտահայտությամբ, կկազմի 13.7%:

Նշենք, որ 2015 թվականին արձանագրվել էր արտահանման 4% նվազում (դոլարային արտահայ­տությամբ), ինչը հիմնականում պայմանավորված էր արտաքին պահանջարկի նվազմամբ: Արտահանման կրճատման համար մեծ դեր էր ունեցել Ռուսաստանում տնտեսական ակտիվության և սպառողական պահանջարկի անկումը, որը տեղի էր ունեցել նավթի գների կտրուկ անկման պայման­ներում: Արտահանման ծավալների կրճատմանը նպաստել էր նաև մետաղների միջազգային գների անկումը, որը հասել էր գրեթե մինչև 2009 թվականի ֆինանսական ճգնաժամի մակարդակին:

Հարկ է նշել նաև, որ հայրենական ապրանքների նկատմամբ արտաքին պահանջարկի նվազումը մասամբ պայմա­նա­վոր­վել էր դոլարի նկատմամբ գործընկեր երկրների ազգային արժույթների ավելի խորը արժեզրկ­մամբ, ինչը հանգեցրել է ՀՀ դրամի իրական արդյունավետ փոխարժեքի արժևորմանը և դրա հետևանքով արտահանվող ապրանքների մրցունակության անկմանը:

Share