Բաժին. Տնտեսական

Տնտեսական ակտիվությունն աճել է, սակայն աճը «համեստ է»

Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է, սակայն աճն ավելի քան «համեստ է»: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է ընդամենը 0.6%:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի 0.6% աճին նպաստել են բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը և արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը, մինչդեռ գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում գրանցվել է անկում:

Այսպես, հաշվետու 11 ամսում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.8%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 7.8%: Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է շուրջ 6% անկում, շինարարության ոլորտում գրանցվել է մոտ 10% անկում: Ինչ վերաբերում է առևրի ոլորտի, ապա այստեղ գրանցվել է շրջանառության 0.3% աճ:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1 տրիլիոն 285.64 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 836.14 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝  1 տրիլիոն 944.15 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝  1 տրիլիոն 141.91 մլրդ  ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 320.16 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.6%:

Նշենք նաև, որ 2015 թվականին մեր հանրապետությունում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.1% աճ:

Share